Ի վերջո հենց մենք պետք է ելք գտնենք այս փակուղուց. «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է
kavkaz-uzel.eu-ն «Վառի՛ր, վառի՛ր վառ...» վերնագրով հոդվածում գրում է, որ շուրջ երկու ամիս Արցախը գտնվում է շրջափակման մեջ, հաճախ առանց լույսի և գազի, և այդ ամենը՝ ցուրտ ձմռանը։ Մարդիկ գոյատևում են, և ոչ ոք չգիտի, թե որքան կտևի շրջափակումը։ Ադրբեջանը բացեիբաց հայտարարում է, որ ինքն է փակել Հայաստան տանող միակ ճանապարհը, իսկ ճանապարհը բացելու բոլոր հորդորները սավառնում են երկնքում։ Եվրամիությունը խոսքերով է հետևում իրավիճակին, սակայն ադրբեջանական գազը նրանց համար շատ ավելի արժեքավոր է, քան Արցախի քաղաքացիների ազատությունն ու իրավունքները, և այդ մասին պաշտոնապես հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը։
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նույնպես ոչինչ չեն կարողացել փոխել այս սցենարում։ Աշխարհն անզոր է... Ալիևի նպատակը չափազանց պարզ է. անտանելի պայմաններ ստեղծել Ղարաբաղի հայերի համար, որ երբ ճանապարհը բացվի դեպի Հայաստան, բոլոր բնիկները հեռանան: Այո՛, ղարաբաղցի հայերն ամբողջ աշխարհում հայտնի են իրենց կամակորությամբ, բայց Ալիևի համար Արցախը հայերից մաքրելը թիվ մեկ խնդիրն է։ Պաշտոնական Ստեփանակերտը Ռուբեն Վարդանյանի բերանով ողջ աշխարհին բարձրաձայնում է հումանիտար ճգնաժամի մասին, և նրա շնորհիվ բոլոր լուրերում ինտենսիվորեն քննարկվում է ԼՂ շրջափակումը։ Դա ակնհայտ բացասական վերաբերմունք է առաջացնում Ադրբեջանի նկատմամբ, բայց չի ազդում բուն ճանապարհի բացման վրա։ Մեր ժողովուրդը նույնպես դեռ չգիտի, թե ինչ պետք է անել ճանապարհը բացելու համար, և ավելի շատ հույս ունի, որ իրավիճակն ինքնին կհանգուցալուծվի, բայց, ըստ երևույթին, ի վերջո հենց մենք պետք է ելք գտնենք այս փակուղուց։
Վերջին շրջափակման ժամանակ՝ 90-ականներին, այդպես էլ եղավ, և դա շատերին դուր չեկավ։ Հարցի լուծում կա, անհրաժեշտ է ուժը վերածել թուլության։ Եթե Ադրբեջանի ուժը գազի մեջ է, եկեք հիշենք, թե ինչպես կարող է այդ գազը այրվել։ 2020 թվականի պատերազմը պայմանավորված էր. այն ժամանակ Հայաստանի իշխանությունը ոչ թե հակամարտության կողմ էր, այլ Արցախ վաճառողը, այլապես ինչպես բացատրել այն փաստը, որ հրթիռ թռավ Գյանջա, բայց չթռավ գազատարի վրա։ Հիմա մեր ամեն քայլը վերահսկվում է երկնքից, ոմանց թվում է, թե բոլոր հակաքայլերը նախօրոք կանխատեսված են, բայց Ադրբեջանը պետք է հիշի, որ առանց մեզ էլ բավական չուզողներ ունի, և եթե ուզում են խաղաղություն հայերի հետ, ապա դրա համար պետք է իրական քայլեր ձեռնարկեն։
Մենք միշտ կապրենք մեր հողի վրա, և կարիք չկա մեր ժողովրդին մղել դեպի այն, ինչը հետագայում երկար կքննարկվի ու կդատապարտվի, քանի որ այդ դեպքում նրանք, ովքեր հիմա ուրախանում են մեր նեղություններով, դառնորեն ողբալու են սեփական այրվող քաղաքների համար։ Չեմ ուզում օրինակներ բերել, բայց հիշենք, որ նման բաներ եղել են: Բոլորին խաղաղություն է պետք...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում