Արցախում 227 երեխա է ծնվել շրջափակման մեջ
SocietyՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 09.02.2023թ. դրությամբ։
Արցախում Էլեկտրականության հովհարային անջատումները կիրականացվեն օրական 6 անգամ՝ նախկին 3-ի փոխարեն
Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հերթական արգելափակման պատճառով էլեկտրասնուցման օդային գծերի վրա ավելացված բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվել։
Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ անջատումները կլինեն օրական 6 անգամ 1-ական ժամով։
Նոր ժամանակացույցը հնարավորություն կտա որոշ չափով նվազեցնել օդային գծերի վրա առկա բեռը, միևնույն ժամանակ թույլ տալով խուսափել կացարանների՝ երկար ժամանակով առանց ջեռուցման մնալուց։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 7 հիվանդ տեղափոխվել է Հայաստան
Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։
Փետրվարի 9-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 83 հիվանդ:
Նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ
Քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, տեղեկացրել իր հերթական բարեգործական ծրագրի մասին, նախատեսված շրջափակման ժամանակ Արցախում ծնված երեխաների և նրանց ընտանիքների համար:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Արցախի ժողովրդին հերթական անգամ գործուն աջակցություն ցուցաբերելու համար։
Օրվա վիճակագրական թարմացումներ
8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 227 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 620 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 83 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 24,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 61 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի է աշխատում 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից:
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։