Գինի՝ սակավարյունության դեմ դեղամիջոց ստանալու ճանապարհին. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Իտալիայի, Ֆրանսիայի կամ Իսպանիայի գինեգործների չափանիշներով 170 տարին գինեգործարանի համար տարիք չէ։ Իսկ ահա Ավստրալիայի համար դա նույնիսկ պատկառելի թիվ է: Ընդ որում, Ավստրալիայի դեպքում բավական հեշտ է որոշել, թե ով է եղել այդ մայրցամաքի գինեգործության առաջամարտիկը: Ավստրալական հողի առաջին գինեգործներից մեկը եղել է անգլիացի բժիշկ Քրիստոֆեր Պենֆոլդը, որը շատերի նման գաղթել էր Ավստրալիա ավելի լավ կյանք փնտրելու համար: Դա տեղի է ունեցել 1844 թվականին: Ավստրալիայում նա շարունակել է իր բժշկական պրակտիկան՝ միաժամանակ գնելով 500 հեկտար գերազանց խաղողի այգիներ։ Ի սկզբանե նա գինի պատրաստելու մտադրություն չի ունեցել։
Նա պլանավորում էր սակավարյունության դեմ դեղամիջոց արտադրել։ Սակայն շուտով գինեգործությունը դարձել է Պենֆոլդ ընտանիքի գլխավոր կիրքը։ Բանն այն է, որ գինեգործության զարգացման գործում զգալի ներդրում է ունեցել նաև Մարիա Պենֆոլդը, որը ամուսնու հետ մասնակցել է գինեգործության բիզնեսի զարգացմանը։ Խաղողի այգիներ գնելուց արդեն երեք տասնամյակ անց Պենֆոլդ ընտանիքը զբաղեցնում էր Ավստրալիայի գինու շուկայի մոտ երկու երրորդը: Ընտանիքի գինեգործարանը ակտիվորեն զարգացել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Մի շարք պատերազմներ՝ սկսած Ռուս-ճապոնականից և վերջացրած Երկրորդ համաշխարհային պատերազմով, բացասաբար են ազդել Ավստրալիայի տնտեսության և հատկապես գինեգործության վրա։ Չնայած դրան, Պենֆոլդ գինեգործարանը մնացել է ջրի երեսին, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ոչ միայն վերականգնել է իր նախկին արտադրության ծավալները, այլ նաև նոր հողեր է ձեռք բերել խաղողի այգիների համար։
Այնուամենայնիվ դժվար թե Պենֆոլդս գինիները հայտնի դառնային ամբողջ աշխարհում, եթե չլիներ մի երիտասարդ գինեգործի տաղանդը։ Նրա անունը Մաքս Շուբերտ էր, և 50-ականների սկզբին նա որոշեց մեկնել Եվրոպա՝ իմանալու գինեգործության գաղտնիքները։ Նա հաստատվեց Բորդոյում, որտեղ փորձեր էր անում՝ նպատակ ունենալով ստանալ այնպիսի գինի, որը հետագայում կդառնա Penfolds - Grange հավաքածուի մարգարիտը։ Փորձերը հաջողվեցին, սկսվեց արտադրություն, սակայն այդ գինին հայտնի դարձավ շատ ավելի ուշ։ Ինչպես հաճախ է լինում մեծ հայտնագործությունների դեպքում, Penfolds – Grange-ը սկզբում հրաժարվում էին ընդունել: 1956 թվականին առաջին համտեսը ձախողվել էր։
Գինու հայտնի համտեսողները միմյանց հետ մրցում էին՝ քննադատական մեկնաբանություններում գինին անվանելով «վայրի հատապտուղների թուրմ», «քացախ» և այլն։ Գլխամասային գրասենյակում նման ձախողումից հետո որոշվեց դադարեցնել Penfolds - Grange-ի արտադրությունը։ Սակայն ինքը՝ Մաքս Շուբերտը, որոշել էր չհանձնվել և, ի հեճուկս ղեկավարության, առաջիկա երեք տարին զբաղվել է այդ գինու արտադրությամբ՝ այն հասցնելով կատարելության։ Փակ համտեսները ցույց տվեցին, որ ժամանակի ընթացքում այդ գինին դառնում է ավելի փափուկ և հաճելի՝ միաժամանակ պահպանելով հարուստ բույրը։ 1960 թվականին տնօրենների խորհուրդը որոշեց վերադարձնել Penfolds Grange-ին։ Այդ պահից սկսած այդ գինին սկսեց իր ճանապարհորդությունը դեպի փառքի գագաթ։ 1971 թվականին Penfolds Grange-ը մեծ աղմուկ բարձրացրեց Ֆրանսիայի միջազգային ցուցահանդեսում, երբ կույր համտեսում գրավեց առաջին տեղը: 19 տարի անց էլ այն ճանաչվել է տարվա լավագույն գինի, որն առավել քան պատիվ է Ավստրալիայից եկած գինու համար։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում