Աֆրիկան որոշել է հետ չմնալ արևային էներգիայի հարցում
EconomicsԱրևային էներգիայի արդյունավետությունը սկսել են գնահատել նաև Աֆրիկայում։ Եթովպիան կարող է բավարարել իր բոլոր կարիքների 95 տոկոսը արևային էներգիայի շնորհիվ։
Եթովպիայի «10 Greeen Gygawatt» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Միքայել Ալեմուն Աֆրիկյան տարածաշրջանային և գլոբալ համաժողովի ընթացքում հայտարարել է, թե կարող է իր երկիրն ամբողջությամբ ապահովել արևային էլեկտրակայաններով, ընդ որում նվազագույն ծախսերով։
Ալեմուի խոսքով՝ Եթովպիայում 24 ինդուստրիալ պարկ կա, որոնցից յուրաքանչյուրը 6 և 11 հազար քառակուսի մետր մակերեսով անգարներից են բաղկացած։ Ընկերության տնօրենը առաջարկում է հնարավորություն տալ արևային վահանակներ տեղադրել բոլոր այդ անգարների տանիքներին և այդկերպ ապահովել Եթովպիայի բոլոր կարիքները։ «Ավտոնոմ արևային գեներացիան կարող է ապահովել էներգոսպառումը գյուղտնտեսությունում, ոռոգման ոլորտում, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության և հանքանյութերի արդյունահանման ոլորտներում»,- ասել է նա և հավելել, թե դիզելային գեներացիան 5 անգամ թանկ է արևայինից, և, այդուհանդերձ, Եթովպիան ամեն տարի ներկրում է մեկ միլիարդ դոլարի դիզելային վառելիք՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար։
«Մենք պետք է դադարեցնենք այս խելահեղությունը»,- նշել է Միքայել Ալեմուն և խոստացել լրջագույն միջոցներ ներդնել Եթովպիան արևային էներգիայով ապահովելու համար։
Հայաստանը ևս ունի մեծ հնարավորություններ սեփական էներգո կարիքները արևային էներգիայի հաշվին բարելավելու համար, եթե մինչև 2025 թվականը առաջարկվում է Հայաստանում էլեկտրաէներգիայի 15% ստանալ արևային էներգիայից, ապա դա չափազանց փոքր թիվ է, միևնույն ժամանակ Հայաստանում կա արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», ուստի և հարկավոր է ոչ միայն մասնավոր ընկերությունների ակտիվացումը արևային էներգիայի արտադրության ոլորտում, այլ նաև պետական լրջագույն աջակցություն և քաղաքական կամք։
Արմինե Ներսիսյան