Գիտեմ, որ ինձ ապրելու քիչ ժամանակ է մնացել. Հռոմի պապ
International newsՀռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ մահվան մասին իր խոհերով է կիսվել լայն հանրության հետ: « Գիտեմ, որ ինձ ապրելու քիչ ժամանակ է մնացել. երկու կամ երեք տարի, հետո ես կհայտնվեմ Աստծո տանը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, Հարավային Կորեայից Վատիկան վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին հայտնել է Ֆրանցիսկոս պապը:
Կաթոլիկ եկեղեցու 77-ամյա առաջնորդը նաև ասել է, որ խորհրդածում է իր գործած մեղքերի, սխալների մասին և փորձում է զերծ մնալ հպարտությունից: Վատիկանի աղբյուրները հաստատել են, որ Պապը նախկինում նույնպես խոսել է իր մահվան մասին, սակայն առաջին անգամն է, որ նա լրագրողներին հայտնել է իր այդ մտքերի մասին:
Ֆրանցիսկոս պապը նշել է նաև գահը թողնելու հավանականության մասին, ինչպես արել էր իր նախորդը' Բենեդիկտոս XVI-ը, եթե նա չկարողանա այլևս կատարել իր պարտականությունները: «60 տարի առաջ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների համար գրեթե անհնար էր հրաժարական տալ, բայց Բենեդիկտոս XVI պապը «դուռ բացեց» մեզ համար», - ասել է հովվապետը: