«Իմենիմեն», «տո՜ւ-տո՜ւ», և իհարկե՝ «դըմփ-դըմփ-հո՜ւ». «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
«Նյամ-նյամ», «բուլ-բուլ», թավշյա բմբուլ... Կռահողները հասկացան, իսկ չկռահողների համար հստակեցնենք, որ խոսքը Հանրայինի եթերից Նիկոլ Փաշինյանի կարկառուն ներկայացուցիչ Սասուն Միքայել յանի ճառախոսական վերջին «մարգարտաշող փայլատակման» մասին է: Այն դիտած հայրենակիցների մի մասը ելույթ ունեցողի անձի ու նրա մարգարիտների վրա էր կենտրոնացել, մյուս մասը՝ Հանրայինի եթերից նման փայլատակումների: Գուցե նրանց թեթևակի հիասթափեցնենք, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը հետաքրքիր կամ ուշադրության արժանի չթվացին: Չնայած հատկանշական ու հետաքրքրական հանգամանքներ այդ ամենի համատեքստում իսկապես կան:
Կներեք, իսկ դուք նշված բանախոսից (վերջին ելույթից հետո ավելի ճիշտ կլինի ասել՝ «տու-տու-ախոսից») ա՞յլ բան էիք սպասում: Այսինքն, սպասելիքներ ունեի՞ք, որ մի հատ էլ զարմացել կամ վրդովվել եք: Մյուս կողմից՝ իսկ մի՞թե մի ամբողջ ժողովրդի մի ահագին զանգված այդ զբաղմունքի վրա չէ: Նկատի չունենք գործող իշխանության կամ այլ գործիչների հասցեին անմեջբերելի գնահատականներն ու արտահայտությունները: Նկատի ունենք այն, որ մարդկանց ոչ փոքրաթիվ խումբ զմայլված կարող է հայհոյախառն «լայվեր» լսել, քննարկել, վերլուծել, նույնիսկ հավատալ՝ չնկատելով ու չհասկանալով, որ սուտը, հայհոյախոսությունը չափանիշ ու նորմա են դառնում, սովորական և ընդունելի:
Իսկ մարդկանց մեկ այլ խումբ, կարծես ապացուցելու համար, որ ամեն «հոմո» չի, որ «սափիենս» է, օրնիբուն ինչ-որ «պերֆեքթթիվիների» նետած եթերային «կտերի» վրա է: Ավելին, սրտանց հավատում է ու ապրում է այդ վիրտուալից էլ վիրտուալ «իրականության» մեջ, որտեղ երկու օրը մեկ Ալիևը մեռնում է, Էրդողանը՝ թաղվում, հասկանալի է՝ «մեր հզոր վարչապետի սաստիկ հայացքից» կամ փռշտոցից: Եվ եթե կան նման լապշա-արիշտան հոժարակամ իրենց ականջներից կախողներ ու ամեն մի հայհոյախոսության ականջ դնողներ, ինչո՞ւ չպիտի ինչ-որ մեկը «տու-տու-ախոսեր» տո հենց Հանրայինի եթերից: Շուտով բոլոր հեռարձակումները, այդ թվում՝ կառավարության կամ խորհրդարանի նիստերի, կարող են ամբողջությամբ «տու-տու»-ներով ուղեկցվել:
Հասել ենք, բայց իջնող չկա: Շրիշակի մակարդակը արդեն ահագին բարձր է:
Հա... Ասում են՝ այդ հաղորդումից հետո մի մարդ զանգում է 1-17:
-Ալո, կառավարությունը լսում է Ձեզ:
-Տո՜ւ-տո՜ւ-տո՜ւ...,-լսվում է մյուս կողմից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում