«Վարչապետ կոչեցյալը նպատակ ունի վերացնել բոլոր խոչընդոտները, որ իր տերերին տրված խոստումները կատարի». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին շրջանում հանրային քրեական հետապնդումներ են հարուցվում մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Թիրախում են նաև զինվորականները, ՊՆ նախկին պաշտոնյաներ, մեծ ավանդ ունեցող մարդիկ: «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով վերոնշյալ հետապնդումներին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ պետք չէ իրողությունը դիտարկել իրավական հարթության մեջ:
«2018 թ. իշխանափոխությունից հետո Հայաստանում իրավական գործընթացների մասին խոսելն անհեթեթություն է։ Իհարկե, մինչ այդ նույնպես Հայաստանի իրավական համակարգն իդեալական չէր, բայց այն ժամանակ, թեկուզ ոչ լիարժեք, գործում էր հասարակական կարծիք, որի հետ իշխանությունը ինչ-որ չափով հաշվի էր նստում։ Բացի այդ, կային դատավորներ, ովքեր ինքնուրույն էին գործում, և իշխանությունը նրանց չէր հետապնդում։ Հիմա հիշենք, թե ինչ կատարվեց 2018 թվականից հետո»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Թվարկելով այս տարիներին տեղի ունեցած տարբեր դրվագները, հայտարարությունները՝ նա ընդգծեց. «Հիշենք՝ «կա՞ արդյոք որևէ դատավոր, որ ինձ չենթարկվի» հայտարարությունը: Հիշենք հայտնի հեռախոսազրույցը՝ «ուզես, չուզես, կալանք պիտի տաս»։ Հիշենք դատարանների շրջափակումը, «վնգստացող, տեր փնտրող դատավորներին»։ Հիշենք նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ սարքովի քրեական մեղադրանքը, Սահմանադրական դատարանի կազմաքանդումը, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ սարքովի մեղադրանքը, դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելը։ Այս շարքն անվերջ է։ Իսկ Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցի բացահայտումն արդեն ամեն ինչ ասում է։ Ջհանգիրյանը բացահայտ հայտարարեց, որ բոլոր քրեական գործերը շինծու են։ Այդ զրույցի բացահայտումից հետո խոսել ինչ-ինչ իրավական գործընթացների մասին, ուղղակի ծիծաղելի է։ Եթե դրան գումարենք նաև, որ ԲԴԽ նախագահ «ընտրվեց» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն անդամը, որը «ազնվանում» է վարչապետի նկարին նայելիս, ապա...»:
Ավետիք Իշխանյանն այս համատեքստում է դիտարկում այս փուլում նաև մի շարք դատավորների թիրախավորելու դեպքերը: Խոսքն այն դատավորների մասին է, որոնք, այսպես ասած, իշխանության քիմքին հաճո վարքագիծ չեն դրսևորում: «Արդյունքում ունենք իրավիճակ, երբ արդարադատության նախարար-ԲԴԽ նախագահ տանդեմը վարչապետի հանձնարարությամբ դադարեցնում է չենթարկվող դատավորների լիազորությունները։ Այսպիսով, ունենք նաև իրավիճակ, երբ վարչապետն իր գրպանային՝ իրավապահ կոչվող մարմիններին՝ քննչական կոմիտեին, ազգային անվտանգության ծառայությանը, հակակոռուպցիոն կոմիտեին, գլխավոր դատախազությանը հանձնարարում է գործեր պեղել ընդդիմադիր գործիչների դեմ, որ արդեն կայացած գրպանային դատավորները նույնպես հլու-հնազանդ կատարեն պատվերը։ Այս իրավիճակում ես մեծ հարգանքով եմ հետևում փաստաբանների գործունեությանը, բայց այն բավարար չէ, պայքարը միայն պետք է քաղաքական լինի»,-հավելեց Ավետիք Իշխանյանը:
Վերոնշյալ հետապնդումները հաշվի առնելով՝ իրավապաշտպանը անդրադարձավ իշխանության նպատակներին, որոնք, ըստ նրա, ավելի հեռուն են տանում, քան զուտ տեսարաններ ապահովելու ցանկությունն է: «Նախ՝ իշխանություն ասելով մենք պետք է հասկանանք մեկ անձ՝ վարչապետ կոչեցյալին։ Այլ իշխանություն Հայաստանում չկա։ Մնացածը, այսպես կոչված, պետական, բայց իրականում վարչապետին կից, նրան ենթակա մարմիններ են։ Իսկ վարչապետ կոչեցյալն ունի տոտալիտար, բռնապետական մտածողություն։ Նա չի հանդուրժում որևէ այլ կարծիք, դիրքորոշում։ Վարչապետ կոչեցյալի նպատակը ամբողջ հայ ժողովրդին իրեն ենթակա ստրուկներ դարձնելն է, ինչպես իր պատգամավորներն ու նախարարներն են։ Իհարկե, այս ամենն, իմ համոզմամբ, ունի նաև այլ նպատակ, այն է՝ վերացնել բոլոր խոչընդոտները՝ կատարելու իր տերերին տված խոստումները, այն է՝ հանձնել Արցախը...»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում