Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք կստանան անվճար դեղեր. նախագիծ. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2019 թ. մայիսի 30-ի N 642Ն որոշման մեջ: Այս որոշման կարգավորումների շրջանակում ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք ընդգրկված են բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերում, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ՝ 50 տոկոս զեղչով:
Նախագծով առաջարկվում է կառավարության նշված որոշման մեջ կատարել փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա վերը նշված անձանց օգտվել անվճար դեղեր ստանալու իրավունքից: Փոփոխության արդյունքում շահառուների ցանկում ընդգրկված անձինք կապահովվեն 100 տոկոս անվճար դեղերով: Նշվում է, որ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց թիվը կազմում է 28 563: Նրանց տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն: Նախագծով սահմանված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի առանձին ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց կտրամադրվի ֆինանսական փոխհատուցում՝ փաստացի կատարված աշխատանքների ծավալին համապատասխան:
Ներկայում ՀՀ պետբյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ խոսքը շահառուներին միայն առաջնային-պահպանման օղակի միջոցով հիմնական դեղերի ցանկում առկա դեղերով անվճար ապահովելու մասին է: Նախագծի ընդունման դեպքում այս շահառուները կարող են օգտվել պետության կողմից ամբուլատոր-առաջնային օղակի միջոցով տրամադրվող անվճար դեղերի հատկացումից: Այս նախագծով միաժամանակ առաջարկվում է «1-ին, 2-րդ և 3-րդ հաշմանդամության խումբ ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորն աստիճանի, ֆունկցիոնալության ծանր աստիճանի և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք» բառերով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում