Սլավո՞ն, թե՞ հույն են կիրիլիցայի հեղինակները. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Կիրիլիցան, որպես տառատեսակ, օգտագործում են կամ օգտագործել են 108 լեզուներով խոսող ժողովուրդներ, այդ թվում՝ ռուսները: Իսկ որտե՞ղ և ե՞րբ է այն ստեղծվել: Պատմությունն այսպիսին է: 863 թվականին Բյուզանդական կայսր Միխայիլ 3-րդը հանձնարարել է հին սլավոնական լեզվի համար այբուբեն ստեղծել, որպեսզի հունական եկեղեցական տեքստերը թարգմանվեն (ինչքան նման է հայկական գրերի ստեղծմանը): Գործը գլուխ են բերում Սոլունի (Հունաստանում գտնվող Սալոնիկե) քաղաքում ապրող երկու փիլիսոփա եղբայրներ Կոնստանտինը (Կիրիլ) և Մեֆոդին:
Եղբայրների հայրը Լև անունով սպա էր բյուզանդական բանակում և համարվում էր «լավ ցեղից և հարուստ», պապը (հայտնի չէ՝ մայրական, թե հայրական գծով) մեծ պաշտոն է ունեցել Կոստանդնուպոլսում, սակայն հետո կորցրել է պաշտոնը և տեղափոխվել Սոլունի, որտեղ և մահացել էր: Ընտանիքում 7 եղբայր է եղել, ընդ որում՝ Մեֆոդին եղել է ամենաավագը, իսկ Կիրիլը՝ ամենակրտսերը: Կիրիլի և Մեֆոդիի էթնիկ ծագումը ճշտել բազմազգ Բյուզանդիայում այնքան էլ հեշտ չէ: Սակայն ամենահավանականն այն է համարվում, որ նրանք հույն են: 19-րդ դարում սլավոն գիտնականները փորձել են ապացուցել, որ նրանք սլավոն են՝ հիմք ընդունելով այն, որ գիտեին սլավոներեն:
Նշվում է նաև նրանց բուլղար լինելը, քանի որ «Կիրիլի կյանքը» հին գրքում նշվում է, թե «նա Սոլունի քաղաքից բուլղար էր», բայց պետք է հաշվի առնել, որ այդ հին գրքերը բուլղարներն են գրել:Շնորհիվ եղբայրների և հետագայում նրանց աշակերտների գործունեության, կիրիլիցան մեծ տարածում է ստացել հարավսլավոնական հողերում, չնայած 885 թվականին Հռոմի պապի կողմից այն նույնիսկ արգելվել է օգտագործել եկեղեցական ծեսերում: Կիրիլիցայի զարգացման և պահպանման գործում մեծ դեր է ունեցել Բուլղարիան: 860 թվականին բուլղարական Բորիս ցարի ժամանակ քրիստոնեությունն ընդունվել է որպես պետական կրոն:
Այդ ժամանակ էլ ստեղծվել է առաջին մատենագիրների բուլղարական- սլավոնական դպրոցը, որտեղ հուներենից թարգմանվել են եկեղեցական գրքերը: Բուլղարիան դարձել է սլավոնական գրի տարածման կենտրոն: Սլավոնական գրի տարածման «ոսկե դարը» Սեմիոն Մեծ Բուլղարական ցարի գահակալության տարիներն են (893-927): Այդ տարիներին կիրիլիցան թափանցել է Սերբիա, իսկ 10-րդ դարի վերջում՝ նաև Ռուսաստան:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում