«Աշտարակ-Կաթ»-ի հայտարարությունը՝ սպասվող թանկացումների վերաբերյալ
Սիրելի՛ սպառողներ,
Աշտարակ-Կաթ ընկերությունը տեղեկացնում է Ձեզ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկայում տեղի ունեցած գնային փոփոխություններն ընկերությանը կանգնեցրել են դժվար կացության առջև: Մասնավորապես, 2010-2014թթ. մթերվող կաթի, կաթնամթերքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր հումք-նյութերի, փաթեթավորող նյութերի, էներգակիրների գները կտրուկ բարձրացել են, իսկ հումք-նյութերը կազմում են ընկերության արտադրանքի բացթողման գնի շուրջ 80%-ը: Ընկերությունը տարիներ շարունակ փորձել է ինչ-որ չափով զսպել գնաճը ծախսերի կրճատման, ներդրումների հետաձգման, վարկային միջոցների ներգրավման շնորհիվ: Սակայն, հասկանալի է, որ ոչ մի ընկերություն երկար ժամանակ այդպիսի պայմաններում աշխատել չի կարող:
Աշտարակ-Կաթ ընկերությունը գնային 5-10 տոկոսանոց բարձրացումներն իրականացրել է՝ ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից. ոլորտում իր շարունակականությունն ապահովելու նպատակով: Սակայն, կարևորելով կաթի՝ սոցիալական նշանակություն ունենալու հանգամանքը, ընկերությունն անփոփոխ է թողել կաթի գինը՝ պահպանելով նույն համային և որակական հատկանիշները: Ընկերությունը կաթի գինը չի թանկացրել՝ հաշվի առնելով դրա նկատմամբ երեխաների և մեծահասակների պահանջարկը: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ կաթը սկզբնաղբյուր է կաթնամթերքի մնացած բոլոր տեսակների արտադրության համար, և ցանկության դեպքում տնային տնտեսուհին կարող է տնային պայնաններում կաթից պատրաստել կաթնամթերքի մնացած տեսակները:
Հարգելի՛ սպառողներ, Աշտարակ-Կաթ ընկերությունը, բարձր գնահատելով երկար տարիների Ձեր վստահությունը և նվիրվածությունը, հուսով է, որ օբյեկտիվորեն կգնահատեք ստեղծված իրավիճակը: Խնդիրները, իսկապես, խորքային են, սակայն Ձեր աջակցության պարագայում ոչ անհաղթահարելի:
«Աշտարակ-Կաթ» ընկերության մամուլի ծառայություն
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +(37410) 24 94 28