Այսօր թշնամու միջնորդությամբ, հայի ձեռքով, հայը ստորագրում է իրեն, իր մշակույթը, իր հայրենիքը կոտորելու, ավերելու «մանիֆեստի» տակ, ու ոչ մի ձայն, նոտա, աղմուկ․ Նիկողոս Ավետիք Հովհաննիսյան
SocietyՆիկողոս Ավետիք Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ազգային-եկեղեցական-մշակութային «սրտի կանգ»
Ինչ է սա:
Դարեր, տասնամյակներ առաջ, գրեթե բոլոր գոյություն ունեցող երկրների ղեկավարները ստեղծել ու զարգացրել են մնայուն արժեքներ, որոնց համար պայքարել են մինչև արյան վերջին կաթիլը, որպեսզի իրենց ու սերունդների գոյությունը հիմնավորող փաստեր ունենան, ասելիք ու ապացույց ունենան այն թեզի, որ իրենք են այս ամենի տերն ու օրրանը։ Հնագույն քաղաքակրթության մի մաս կազմող, ինչու չէ նաև՝ տեղ-տեղ մշակույթ թելադրող հայկական աշխարհը ևս՝ հետ չէր մնում հունա-հռոմեականից, ասորականից ու եգիպտականից։ Ստեղծված դիցարաններ, տաճարներ, ապա վանքերն ու եկեղեցիները, դրա վառ ապացույցն են։
Այսօր՝ աշխարհը հիանում է դրանցից առնվազն երկուսով, (չթվարկելով մյուսներին)։ Իսկ ինչու մենք չարեցինք դա ու չենք անում այսօր։ Չե՞նք կարող, չունե՞նք, աղքա՞տ ենք։
Այս հարցերը դեռ կտան մեզ սերունդները, իսկ մինչ այդ, դառնանք մեր օրեր։
100 տարի առաջ ցեղասպանված ժողովրդի հետևից, ավերվեց վանքն ու դպրոցը, սպանվեց մշակույնթն ու դրա մշակը, ծրագրված՝ «թողնել մեկ հայ՝ այն էլ թանգարանի համար» հատուկ օպերացիան չիրականացավ մինչև այսօր՝ մեր պայքարի ամուր ոգու առկայության շնորհիվ։ Փոխարենը:
Այսօր թշնամու միջնորդությամբ, հայի ձեռքով, հայը ստորագրում է իրեն, իր մշակույթը, իր հայրենիքը կոտորելու, ավերելու «մանիֆեստի» տակ, ու ոչ մի ձայն, նոտա, աղմուկ։ Կարծես ամեն ինչ պետք է հենց այսպես էլ լիներ։ Կարծես ի վերուստ հային տրված չէ պետականությունն ու պետությունը։ Ամեն բան կատարվում է լուռ համաձայնությամբ: Թշնամին ինչ ուզում անում է։
Ինչպես հասանք այսքան ողբալի վիճակին։ Ինչու ազգի մի ստվար զանգվածի հիշողությունը հասավ գուպիի մակարդակի, ինչպես ստացվեց, որ նյութական գերակշռեց հոգևորին, թափառական լինելը՝ հայրենիք ունենալուն, աղանդավոր լինելը՝ իրական քրիստոնյաին։
Իսկ մի գուցե գենե՞ր։ Հնարավոր է՝ կամ սառել է, կամ՝ մահացել….. Ինձ համոզում են նաև, «որ ժամանակակից պետք է լինել, և մենք հիմա քայլում ենք ժամանակին համընթաց, դա է պատճառը, որ հինը մոռացության է մատնվել»։ Համաձայն չեմ։ Օրինակ՝ իտալացիները, հույները: Ինչով ժամանակակից չեն, ինչով չեն քայլում ժամանակին համընթաց, բայց ունեն իրենց արժեքները, մշակույթը՝ որով ստիպում են հիանալ……
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պահանջում են լուրջ և հիմնարար գենետիկ ուսումնասիրություն…..Բայց հիմա ավելի կարևոր է փրկել Հայրենիքը ներքին թալեաթից, էնվերից ու ջեմալից……որ չգան դրանց արտաքինները, որ կարմիր թուֆից քաղաքը արնագույն չներկվի, որ հայը հորովել ասի, աշխարհին նայի երկնքի կապույտով՝ պարզ ու տաք……
Գեներ, արյուն, դեմք…..