Լիցքավորիչներ էլեկտրական մեքենաների համար, օնլայն մոլ Երևանում և ոչ միայն. «Թիմ» ընկերությունների խումբը նորություններ ունի
Society«Հանդես ենք գալիս գալիս «Թիմ» ընկերությունների խմբով, այստեղ ներկայացված են մեր հինգ ընկերությունները: Մեր ընկերություններն IT ոլորտում առաջարկում են մի շարք նորարարական լուծումներ` սկսած Երևանում առաջին օնլայն մոլից մինչև էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ` charger-ներ»,-Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «ԴիջիԹեք 2022»-ի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասում է «Թիմ» ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը: Ընդգծում է, որ «Թիմ» խմբում նորարարական լուծումներ միշտ են լինելու: «Այս տարի ունենք նաև վճարահաշվարկային առաջին լուծումը` Team Pay-ը, որը շատ շուտով արդեն հասանելի կլինի բոլորին»,-հավելում է «Թիմ» ընկերությունների խմբի համահիմնադիրը:
Ընկերությունների խումբը հստակ նշաձող ունի` չմնալ բացառապես հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման ոլորտում: «Ինչո՞վ ենք տարբերվում բոլորից: Հեռահաղորդակցության ոլորտում այսօր լավագույն կապն ունենք, որակյալ ծառայություններ ենք մատուցում: Միայն մեր բաժանորդներն են, որ կարողանում են օնլայն գեյմինգի ժամանակ խնդիր չունենալով խաղալ: Սա չեմ ասում խաղալու համար, այլ խաղն այն հարթակն է, որը ցույց է տալիս կապի որակը: Կապի փոքր խափանումը հանգեցնում է խնդիրների խաղացողների համար: Սա ամենակրիտիկական չափանիշն է այսօր: Այդ հենքի վրա մենք տարբեր լուծումներ ենք տալիս, այս բոլոր լուծումները հավաքված են մեր ցանցի վրա: Դիտարկենք, թե մեքենաների մեր լիցքավորիչներն ինչո՞վ են տարբերվում, իրենք շատ շուտով կլինեն շուկայում, դրանք ավտոմատ կիդենտիֆիկացնեն մեքենան: Ի՞նչ է սա նշանակում: Երբ միացնում ես charger-ը, կարիք չկա հավելվածով այն միացնելու, իդենտիֆիկացիա անցնելու: Մեքենան ավտոմատ իդենտիֆիկացվում է և միանում է դրա լիցքավորումը: Սրանք նորարարական լուծումներ են, այս ամենը հավաքվում է «Թիմ Տելեկոմի» ձևավորած նոր NGN ցանցի վրա: Հաջորդ տարվանից այլ ընկերություններին հնարավորություն ենք տալու օգտվել մեր ցանցից և իրենց նորարարական լուծումները կիրառել մեր բաժանորդներին նորարարական ծառայություններ տրամարդելու համար»,-ընդգծում է Եսայանը: Հավելում է` charger-ներն այս պահին ներքին շուկայի համար են, այս տարի թվով 20 Fast charger կտեղադրվի Հայաստանի տարբեր քաղաքներում, որպեսզի ցանկացած մեքենա կարճ ժամանակամիջոցում` 40 րոպեում լիցքավորի իր մարտկոցը, կտեղադրվեն նաև 50-ից ավելի սովորական 200 վոլտ հզորություն ունեցող charger, որոնք, սակայն, ավելի դանդաղ են լիցքավորում մեքենան:
Կապի ոլորտում նորամուծությունների մասին: «Այսօր արդեն ստանում ենք 5G հնարավորությամբ հաճախականություն: Այսօր ՀԾԿՀ-ում տեղի կունենա նիստը: Մոտ մեկ տարի կառուցումից և մինչև 2 տարվա միջակայքում 5G-ի հնարավորություն կունենանք Երևանում և մի քանի մարզկենտրոնում: Այսօր առաջին հաճախականային տենդերն է տեղի ունենում` 700 մեգահերց տիրույթում: Մենք ենք դիմել, չեմ կարող ասել, թե ինչու մյուս օպերատորները չեն դիմել: Առաջինը կլինենք, որ կստանա այդ հաճախականությունը և միտված ենք այդ հաճախականությունն օգտագործել 5G ցանցի հասանելիության ապահովման հմար:
Որպես տելեկոմ` երևի առաջիններից ենք, որ այս տարի 4,8 մեգավատտ հզորությամբ արևային պանել ենք կառուցում, գնում ենք Green field-ի, ուզում ենք ունենալ մաքուր էներգիա, մեր ընկերությունը ևս այս տարի 50 տոկոսից ավելի դեպքերում, որտեղ եղել է նման հնարավորություն, ձեռք է բերել էլեկտրական մեքենաներ: Երկու տարի է, ինչ նման քաղաքականություն ենք վարում»,-եզրափակում է Հայկ Եսայանը:
Լուսինե Առաքելյան