«Ու սկսեցի Պողոսիս զանգին սպասել, մինչև հիմա սպասում եմ, չի զանգում...». 2020 թ. հոկտեմբերի 16-ին զոհված Պողոսը տուն է «վերադարձել» դեկտեմբերի 31-ին․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Պողոսը ծնունդով Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղից է: Ընտանիքի երեք որդիներից մեկն է. երեք եղբայրները նաև քույրիկ ունեն: «Փոքրուց շատ աշխույժ էր: Երբ Պողոսը տանն էր, մեր տան շարժն ավելի շատ էր, մեր ուրախությունն էր: Մյուս երեխաներս շատ հանգիստ են, իսկ Պողոսը՝ հակառակը՝ ակտիվ: Բոլորին օգնության էր հասնում: Իրենով անգամ գյուղն էր շնչում, մի տեսակ աշխուժանում: Սիրում էր իրենից տարիքով ավագների հետ շփվել, զրուցել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսի մայրիկը՝ տիկին Քրիստինեն:
Դպրոցում որդին բարձր առաջադիմությամբ է սովորել, նրան հատկապես գրավում էր մաթեմատիկան: 9-րդ դասարանն ավարտելուց հետո Թալինում ուսումնարան է ընդունվել, ցանկանում էր ծրագրավորող դառնալ: «Ծառայությունն ավարտելուց հետո այնքան նպատակներ ուներ, նպատակներից շատերը նաև իր քույրիկի հետ էին կապված: Մտածում էր՝ ծառայությունը վերջացնի, քույրիկի հետ Երևան տեղափոխվի, բայց… Առաջին հերթին իր բոլոր երազանքները նրա հետ էին կապված, իսկ հետո արդեն մեր բոլորիս՝ իր ընտանիքի ու իր հետ»,-նշում է զրուցակիցս:
Մայրիկի խոսքով, եղբայրներն ու քույրիկը շատ սիրով էին իրար հետ, «եթե անգամ մեկ կոնֆետ ունենային, պետք է հավասար բաժանեին իրար մեջ»: Պողոսը բանակ է զորակոչվել 2018 թ.-ին՝ «Ես եմ» ծրագրով, ծառայում էր Ասկերանի զորամասում: Տիկին Քրիստինեն վերհիշում է՝ փորձեց որդուն համոզել, որ ուղղակի ժամկետային զինծառայության մեկնի, բայց չստացվեց. «Ծառայությունը շատ լավ էր անցնում, իր ընկերների ու շրջապատի հարգանքն էր վայելում: Որպես բարեխիղճ ծառայող՝ պաշտպանության նախարարության «Զինվոր» պաշտոնաթերթում իր մասին նյութ տպագրվեց, թերթի շապիկին իր նկարն էր: Ծառայության ընթացքում պատվոգրի է արժանացել, մենք ևս իր զորամասի կողմից նամակ ենք ստացել, որով շնորհակալություն էին հայտնում հայրենիքին նվիրված պաշտպան դաստիարակելու համար»:
Սկսվեց 44-օրյա պատերազմը: «Ամեն օր իր հետ կապի մեջ էինք, անընդհատ զանգում էր, աընդհատ՝ Պողո՛ս, զգույշ, Պողո՛ս, առաջ չընկնես, գիտեի, որ աշխույժ է, հանգիստ չի նստի իր տեղը: Միշտ ասում էր՝ մա՛մ, ո՞նց ես մտածում, վախեցող տղա՞ եմ: Պատասխանում էի՝ որ փորձանքը եկավ, չի հարցնելու՝ վախեցող ես, թե չէ: Իրար հետ խոսել ենք մինչև հոկտեմբերի 14-ի գիշերը, այդ օրը համարյա հինգ ժամ խոսել ենք: Հետո հեռախոսը փոխանցեցի հայրիկին, ասաց՝ մեր խելքին մի ընկի, ամբողջ գիշեր կարող ենք խոսել, գնա, հանգստացի: Բայց Պողոսն ասաց՝ ես էլ եմ ուզում խոսել, մա՛մ, կարո՞ղ է ուզում ես քնել, ասացի՝ չէ, ես քնեմ, դու դիրքում կանգնե՞ս, երբ կանջատես հեռախոսը, ուրեմն՝ էլ հարմար չէ խոսելը: Ամեն ինչից զրուցեցինք, ասում էր՝ Արմանի հետ թև ու թիկունք կլինենք, կաշխատենք, պապան էլ չի աշխատի: Բայց բառ չէր ասում, թե որտեղ է, ինչ մարտերի է մասնակցում, ասում էր՝ երկրորդ, երրորդ գիծ եմ, մենակ այդ մի հարցում է ինձ խաբել այսքան տարվա մեջ: Բայց, իհարկե, առաջնագծում էր»:
Պողոսն այդ օրը, կարծես թե, կանխազգացում է ունեցել, որ գուցե մայրիկի հետ վերջին զրույցներն են. «Երբեք չէի հավատա, որ Պողոսս կարող է զոհվել, բայց սրտիս ամենահեռավոր անկյունում զգում էի, որ իմ երեխու հետ ինչ-որ բան է կատարվում, անհանգիստ էի: Հիմա եմ վերլուծում՝ երբ Պողոսը տանից դուրս էր գալիս, միշտ իր հետևից երկար նայում էի, հայացքով ճանապարհում մինչև վերջ, նոր մտնում տուն: Շատ աշխույժ էր, իր մասին անհանգստությունս էլ ավելի շատ էր»: Մայրիկի խոսքով, հոկտեմբերի 16-ին Պողոսի հետ «փորձանք» պատահեց, նախորդ օրն էր վերջին անգամ տուն զանգահարել, մայրիկի հետ մեկ-երկու բառ փոխանակել: «Հադրութի Թութակներ տեղամասում է զոհվել՝ դիպուկահարի կրակոցից: Մեկ օր չզանգեց, ասացի՝ իմ Պողոսից չի, մի բան եղել է: Ու սկսեցի զանգին սպասել, մինչև հիմա սպասում եմ, չի զանգում...»: Հոկտեմբերի 16-ին զոհված Պողոսը տուն է «վերադարձել» դեկտեմբերի 31-ին:
«Նոր տարվա «նվեր» բերեցին ու տվեցին ինձ»: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չի եղել, մարմինը ճանաչելի էր, սակայն մայրիկը չի կարողացել որդուն հրաժեշտ տալ, գրկել ու համբուրել, տեսնել մի վերջին անգամ: Հիմա ամեն օր գնում է գյուղի գերեզմանատուն՝ որդուն տեսության, ասում է՝ «եթե մի օր չգնամ, ուրեմն մեռած եմ: Հիմա ապրում եմ իր նկարներով, իր տեսանյութերով, իրենով եմ ապրում: Ցավս պահում եմ իմ մեջ, երեխեքիս ցույց չեմ տալիս, իրենք ինչո՞վ են մեղավոր, թե չէ անտանելի ցավոտ է»:
Հ. Գ. - Պողոս Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում