Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետը
AnalysisԻշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում, ընտրելու է Արցախի ժողովուրդը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այդ մասին ասել է 168-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, ղեկավարները պետք է հասկանան այդ պատասխանատվությունը: Նա նշել է, թե ամեն ինչ անում է, որ Արցախը մնա անկախ, հայկական ու արժանապատիվ, և այն տեղը, որ այդ համատեքստում պետք է զբաղեցնի, կորոշվի ընդհանուր հրամանատարի կողմից:
Խոսելով իր հրաժարականի մասին՝ Ռուբեն Վարդանյանը փաստել է, թե Արայիկ Հարությունյանն իր ելույթում փակագծերը բացեց այնքան, որքան կարողացավ: Ինքը՝ Վարդանյանն, իրեն պաշտոնից ազատելը համարում էր սխալ որոշում, որովհետև վստահ էր, որ իր պաշտոնանկությունից հետո անգամ Ադրբեջանը չի փոխի իր վերաբերմունքն Արցախի նկատմամբ: «Ես համարել և համարում եմ, որ դրսից որևէ ճնշման ենթարկվել պետք չէ, որովհետև կանգնած ենք մի իրավիճակի առաջ, որ կամ պետք է կորցնենք մեր հայրենիքը, կամ մինչև վերջ պայքարենք»,- ասել է նա և նկատել, թե իրեն պաշտոնից ազատելուց հետո էլ ոչինչ չփոխվեց, իրավիճակն ավելի սրվեց, մենք ունեցանք զոհեր, Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի ագրեսիվ դարձավ:
Նախկին պետնախարարը նշում է, թե այնպես չէ, որ Արցախի շրջափակումն անցյալ տարվա աշնանից է սկսվել: Մեկ տարի առաջ այս օրերին էլ էր Ադրբեջանը երկու շաբաթով Արցախում դադարեցրել գազամատակարարումը, երբ ահավոր ցուրտ էր: «Ադրբեջանի մոտեցումը Արցախյան հարցին միակն է՝ Արցախում հայեր չպետք է ապրեն»,- նշել է նա:
Վարդանյանը դրական է գնահատում, որ բոլորը տեսան, թե միայն ինքը չէ, որ չի ընդունում Ադրբեջանի հռետորաբանությունը, այլ ամբողջ Արցախի ժողովուրդը: «Իսկ այն մարդիկ, ովքեր այլ կարծիք ունեն, նրանք դավաճաններ են ու իրավունք չունեն Արցախում մնալու»,- նկատել է նախկին պետնախարարը:
Ռուբեն Վարդանյանի կարծիքով, Ադրբեջանի օգտագործած ամենաուժեղ զենքը քաղաքական զենքն է, երբ մեզ փորձում են տարանջատել ու մեր միջև սեպ խրել: «Երբեմն դա նրան հաջողվում է, բայց ընդհանուր առմամբ մարդիկ հասկանում են դրա վտանգը»,- ամփոփել է նա:
Աննա Նադոյան