«Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
2016 թ. այս օրերին կրկին պատերազմի միջով անցանք: Ճիշտ է՝ այն իր մասշտաբներով չի կարող համեմատվել 44-օրյայի հետ. այն ժամանակ ամեն ինչ այլ էր: Տիկին Սիլվան՝ Տիգրանի մայրիկն ասում է՝ այն ժամանակ, «շատից-քչից» հաղթանակով դուրս եկանք: «Դրա համար էլ ժողովրդին այդ պատերազմն այդքան ցավ չտվեց, իհարկե, ծնողի համար վիշտը նույնն է՝ կապ չունի՝ հաղթել ես պատերազմում, թե պարտվել: Իսկ 44օրյա պատերազմը ցավ տվեց բոլորիս»: Տիգրանի ֆիզիկական բացակայությունից գրեթե յոթ տարի անց մայրիկի հետ զրույցում ինքս ինձ համար բացահայտում եմ՝ մոր համար որդին ավելի է ներկա, քան շատ-շատերը, ու այդպես միշտ է լինելու:
«Տիգրանի մասին խոսելիս առաջինը նրա հումորն ու ժպիտն եմ հիշում, կյանքով լեցուն էր, ընկերասեր: Իմ երեխաներին միշտ ասել եմ՝ ինչ իրավիճակ էլ լինի, երբեք կյանքից չհիասթափվեք, սիրեք կյանքը: Տիգրանը սիրած աղջիկ ուներ, ընտանիք էին ուզում կազմել: Անդադար կարելի է պատմել Տիգրանի մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիլվան:
Երեխա ժամանակ շատ ակտիվ տղան դասարանում «հումորի ծաղիկն էր»: «Բոլորին ծիծաղեցնում էր, իսկ ինքը՝ լուրջ նստում»: Տիգրանը զբաղվել է քիքբոքսինգով, կարատեով, նաև երգով: «Մինչև չորրորդ դասարանը երգում էր, շատ լավ ձայն ուներ, բայց երգն ու սպորտը չդարձան մասնագիտություն: Ինձ մինչև հիմա էլ հարցնում են, թե ինչպես ընտրեց զինվորականի գործը: Մեր ընտանիքում զինվորականներ չեն եղել, այո, Հայրենական պատերազմի մասնակիցներ երկու կողմից էլ ունենք, բայց զինվորականներ՝ ոչ: Այն ժամանակ համալսարաններից գալիս էին մարզային դպրոցներ, ներկայացնում տարբեր մասնագիտություններ, իրենց դպրոց էլ էին եկել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանից, պատմել զինվորականի գործի մասին: Այդ օրը եկավ տուն՝ ուզում եմ զինվորական դառնալ, սիրտս կպել է: Փորձեցինք իրեն համոզել, որ այլ մասնագիտություն ընտրի, սակայն հստակ որոշում էր կայացրել»:
Տիգրանը 2010-2014 թթ. սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: 2014 թ.-ին լեյտենանտի կոչումով ծառայության է մեկնում Արցախի Հանրապետություն: «Տիգրանս ցանկանում էր «Եղնիկներում» ծառայել, անգամ դիմում էր գրել, բայց հետո վիճակահանության արդյունքում ծառայությունը սկսեց Մարտակերտում: Հեռավորությունը շատ էր Հոռոմից մինչև Արցախ, բայց ինչպես Տիգրանս սիրեց Արցախը, այնպես էլ ես: Սիրտը «տաքացել» էր Արցախի վրա, այն էլ ինչպես: Զինվորների ու հրամանատարների հետ հրաշալի հարաբերություններ ունեին: Տիգրանի դեպքից հետո գնացել էինք Մարտակերտ, զրուցում էինք հրամանատարների հետ, մեզ ասացին՝ Տիգրանն այն սպան էր, որն ամեն ինչի կհասներ: Միշտ զինվորի կողքին էր, նվիրված իր գործին: Ինքն էլ միշտ ասում էր՝ «սպան զինվորի ավագ ընկերն է ու միշտ նրա կողքին պետք է լինի»:
Ամեն անգամ, երբ արձակուրդից հետո վերադառնում էր Արցախ, իր զինվորներին քաղցրեղեն պիտի տաներ, ամեն ինչի մասին հոգ էր տանում, որ իր զինվորը քիչ դժվարություններ ունենա: Գրքեր էր տանում նրանց համար, երբ դիրքեր էին բարձրանում, վիկտորինաներ էր կազմակերպում: Անընդհատ ակտիվ էր պահում նրանց: Քառօրյա պատերազմից հետո, երբ գնացինք Տիգրանիս պահած դիրքերը, զինվորներին հանդիպեցինք, ասում էին՝ մեզ անընդհատ ոգեշնչում էր, ոգևորում: Տիգրանս «հաղթահարել» է Քառօրյա պատերազմը, իր զինվորներից անգամ վիրավորներ չեն եղել, հետո ապրիլի 11-ին դիվերսիա է եղել, դրա դեմն էլ են փառքով առել: Բայց ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ուժեղ հրետակոծություն է սկսվում, ասում էին՝ կրակ էր թափվում երկնքից: Տագնապ է հայտարարվել, Տիգրանս վազել է դեպի իր զինվորը, այդ պահին մի քիչ հանդարտ է եղել: Մոտեցել է դիտակետին, հերթական հարվածն է եկել, իր մարմնով ծածկել է զինվորին, իսկ տղաներին ասել՝ խրամատից դուրս չգաք»:
Երբ արդեն տղաները հասկանում են, որ Տիգրանը վիրավորվել է, նետվում են օգնության, տիկին Սիլվան հիշում է զինվորների պատմածը՝ «ինձ մի նայեք, դիրքին նայեք»: «Նույնիսկ այդ պահին իր պահած դիրքի մասին է մտածել, որ հանկարծ թշնամին ոտք չդնի իր դիրքը, ասում էր՝ ծիտն անգամ չպիտի անցնի մեր կողմը»: Ստացած վիրավորումից Տիգրանը զոհվում է՝ փրկելով իր զինվորի կյանքը, պաշտպանելով իր դիրքը: Տիգրանը հուղարկավորված է հայրենի գյուղում։ 2017 թ.-ին գյուղում խաչքար է տեղադրվել ի հիշատակ Տիգրանի և մյուս հերոսների, իսկ դպրոցի բակում բացվել է Ապրիլ յան պատերազմի հերոսների անվանական ծառուղի։ Ընտանիքը միայն իր որդու անունը չի ամրագրել սերունդների համար, այլ բոլոր տղաների, որոնք նահատակվեցին հանուն հայրենիքի: Տարիներ անց մայրիկը խոստովանում է՝ հիմա ցավն առավել ուժեղ է զգում:
«Սկզբնական շրջանում անընդհատ մարդիկ էին գնում-գալիս, ինձ թվում էր՝ Տիգրանս ողջ է, այդ զգացողությունն ունեի: Մի տեսակ չէի պատկերացնում, որ իմ ձեռքով իմ երեխային հողին եմ տվել: Մի երկու տարի հետո արդեն ցավն ուժեղացավ, հիմա ավելի է խորացել, հատկապես 2020 թ.-ից հետո: Այդ պատերազմը մեր չսպիացած ցավը նորից թարմացրեց: Հիմա կարոտն է խեղդում: Ամեն պահի Տիգրանս իմ հետ է, հեռախոսը միացնում եմ, իր նկարն է, տուն եմ մտնում, աչքիս առաջ իր փառքի անկյունն է: 2020 թ.-ի պարտությունը շատ ցավալի էր, սա բաց վերք է մնացել: Մեր զինվորը միշտ պատրաստ է եղել իր հայրենիքը պաշտպանել, բայց միայն նրա կամքը բավարար չէ, պետք է նրան ամեն ինչով ապահովել:
Մեր պատմությունից դասեր չքաղեցինք, այդպես էլ չհասկացանք, որ պետք է զինվենք: Տիգրանս էլ միշտ դրա կռիվն էր տալիս: Վերջին շրջանում մեր սպաներին շատ վարկաբեկեցին, չի կարելի այդպես վարվել: Եթե մեկ-երկուսի հետ խնդիր է եղել, չի նշանակում, որ պետք է բոլորին նույն հարթության վրա դնել: Իմ սիրտը ցավում է, որ տեսնում եմ, թե մեր բանակի հետ ինչ է կատարվում: Ափսոսում եմ նաև, որ Տիգրանս հետնորդ չունեցավ, ափսոսում եմ, որ մեր թագավոր տղերքը ժառանգներ չունեցան: Նայում եմ տղաներին, մեկը մյուսից լավը, ամեն մեկը մի օգուտ էր տալու մեր երկրին, իսկ հիմա... Նայում ես բոլորի աչքերին, լույս են ճառագում, կյանքով լեցուն են ու հիմա չկան...»:
Հ. Գ. - Տիգրան Պողոսյանը 2014 թ.-ին՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ավարտական տարում ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է անվանական դաշույնով։ 2016 թ.-ին ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։ Նույն տարում նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Արցախի «Արիության» պետական մեդալով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում