Ի՞նչ էր ակնկալում «համարձակ» սփյուռքահայ երիտասարդը՝ փողոցում Ալեն Սիմոնյանի հասցեին «դավաճան» ասելով
SocietyԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և սփյուռքահայ մի երիտասարդի միջև միջադեպ է եղել, որից հետո երիտասարդին՝ ոմն Կարեն Մգրդիչյանի, բերման են ենթարկել ոստիկանություն։ Սփյուռքահայը մոտեցել է ԱԺ նախագահին, «դավաճան» ասել, վիրավորանքներ հնչեցրել, խորհրդարանի նախագահի թիկնապահներն էլ բռնել են նրան և հանձնել ոստիկանությանը։
Իրավապահները պարզել են նրա անձը, նյութեր նախապատրաստել և բաց թողել։ Ոչ ծեծել են, ոչ քաշքշել որևէ զուգարանում։ Տարօրինակը երիտասարդի պահվածքն է, որ բերման ենթարկվելուց հետո կեղծիքներ է տարածում, նեղսրտում, որ բերման են ենթարկել։
Ոչ պակաս տարօրինակ է ընդդիմադիրների պահվածքը, որոնք Ալեն Սիմոնյանին մեղադրում են հակաժողովրդավար պահվածքի մեջ։ Այդ ընդդիմադիրների իշխանության օրոք նույն այդ երիտասարդին... լավ, չասենք, թե ինչ կանեին։ Յուրաքանչյուր երկրում էլ կարող են լինել միջադեպեր, և իրավապահները, թիկնապահները, պետական պահպանության ծառայությունը պարտավոր են ադեկվատ արձագանքել, անհրաժեշտության դեպքում էլ ուժ կիրառել, ինչն այս դեպքում նույնիսկ չափազանց մեղմ է եղել։
Բոլոր երկրներում էլ մարդկանց զգալի մասը համաձայն չի լինում իշխանության քաղաքականության հետ, նրանց մեղավոր համարում ինչ-ինչ հարցերում։ Այդ երկրներում իշխանությանը փոխում են լեգիտիմ ընտրությունների միջոցով։ Քաղաքացին իր կարծիքն ու կամքը հայտնում է քվեարկության ժամանակ։ Հարց է ծագում՝ ի՞նչ էր ակնկալում «համարձակ» սփյուռքահայ երիտասարդը՝ փողոցում Ալեն Սիմոնյանի հասցեին «դավաճան» ասելով, որ իրեն շնորհակալություն կհայտնեն, գլուխը կշոյե՞ն, թե ուսին կթփթփացնեն՝ ի նշան խրախույսի։ Դժվար թե...
Կարծում եք՝ իշխանությունը «դավաճան» է, մեղավո՞ր եք համարում, պատրա՞ստ եք այդ մասին բարձրաձայնել նրա դեմքին, ուրեմն պատրաստ եղեք կրել օրենքով սահմանված պատասխանատվությունը։ Օրենքով և միմիայն օրենքով։
Կարեն Հարությունյան