Ինչո՞ւ է Արցախի վերնախավին պակասում ինքնապահպանման բնազդը. Ռուբեն Վարդանյանի մեկնաբանությունն՝ ամփոփ
Analysis«Ինձ համար դժվարին հարցերից մեկն է այն է, թե ինչո՞ւ է Արցախի վերնախավին պակասում ինքնապահպանման բնազդը»։
Այս հարցն է մտահոգում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նա ուշագրավ մի նախաձեռնություն է սկսել իր տելեգրամ ալիքով՝ պատասխանելով հանրությանը հուզող հարցերին։ Երեկ այդպիսի մի հարցի պատասխանելով ՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, թե՝ «Ծանր ճգնաժամի պայմաններում ակնհայտ է, որ հաջողության հասնելու միակ շանսը սեփական մանր, բոլոր դժգոհություններն ու հակասությունները մոռանալն է և համախմբվելը, որպեսզի միասնական ուժ լինենք արտաքին թշնամու արտաքին սպառնալիքի դեմ»։
Ըստ Վարդանյանի՝ «Ցավոք դա Արցախում չի աշխատում։ Միգուցե այն պատճառով, որ սա շարունակվում է արդեն 35 տարի և մարդկանց մեջ սովորույթ և հոգնածություն է կուտակվել, միգուցե այն պատճառով, որ յուրաքանչյուրն ինքն էլ մտածում է, որ հնարավորություն ունի ինչ-որ կերպ յուրովի լուծել հարցը, թեև սա պատրանք է, ես խորապես համոզված եմ, որ սա մարտահրավեր է, որպեսզի մենք բոլորս՝ ներսում գտնվողներս, հասկանանք, որ միասին կարող ենք հաղթահարել ճգնաժամը »,- կարծում է Վարդանյանը։
Ի դեպ հարցերից մեկն էլ ձևակերպված է եղել այսպես, թե ինչո՞ւ 10 տարի առաջ ինքը՝ Վարդանյանը, չի փրկել Արցախը։ Ռուբեն վարդանյանը պատասխանել է, թե ամենևին փրկիչ չէ. «Ես մարդ եմ, ով չի հավատում փրկիչներին, այլ հավատում է առաջնորդներին, լիդերներին, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել, առաջ գնալ, առաջնորդել ժողովրդին»,- նշել է նա և հավելել, թե՝ «10 տարի առաջ այլ իրավիճակ էր, Արցախում կար ուժեղ իշխանություն, որն իր ձևով կերտեց այն երկիրը, որը ճիշտ էր համարում արցախցիների ապագայի համար։ Միգուցե իմաստությունը, գիտելիքի ինֆորմացիան բավարար չէին, բայց ամեն դեպքում ես համոզված եմ, որ մեկ փրկիչ չի կարչող լինել, մենք պետք է ազնվորեն առերեսվենք ճշմարտութանը, նայենք, թե ինչ է կատարվում մեզ հետ, վերլուծենք, քննարկենք, չվախենանք քննադատելուց, բայց դա անենք կառուցողական»,- նշել է Արցախի նախկին պետնախարարը։
Նորայր Դուրինյան