Պետության կողմից կանխավճարի սուբսիդավորումը կիրականացվի կոնկրետ չափով. նախագիծ․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, N 1091-Ն որոշմամբ, 2020 թ.-ից իրականացվում է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով: Ծրագրի միջոցով 2023 թ. մարտի 6-ի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 1002 զինծառայող:
N 1091-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, պետության կողմից բնակարանի պայմանագրային գնի 10 տոկոս կանխավճար տրամադրելու միջոցով ֆինանսական աջակցություն է ստացել 996 շահառու (միջին աջակցությունը մեկ շահառուի հաշվարկով կազմել է 2 237 266 դրամ): Հավելված 1-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, վճարված տոկոսներից 3 տոկոս սուբսիդավորման հատկացմամբ պետական աջակցություն է ստացել 1557 շահառու (միջին սուբսիդավորումը մեկ շահառուի հաշվարկով՝ 562 541 դրամ): Որոշման «Լրացուցիչ երաշխիքներ» 3-րդ գլխով սահմանված պետբյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկի չմարված մայր գումարի 10-100 տոկոս մարման ենթակա հիփոթեքային վարկի մարման համար պետական աջակցություն է ստացել 35 շահառու (միջին մարումը մեկ շահառուի հաշվարկով՝ 2 195 848 դրամ):
Տեղի ունեցած մի շարք քննարկումների արդյունքում որոշվել է պետության կողմից կանխավճարի սուբսիդավորումը նախատեսել կոնկրետ չափով՝ սահմանելով 2 500 000 դրամ, անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան, կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանել առավելագույնը 11 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը: Նպատակահարմար է գտնվել նաև այս կարգավորմանը տալ հետադարձ ուժ՝ այն տարածելով նաև մինչև այս փոփոխությունների կատարումը ծրագրի շրջանակներում կնքված համապատասխան հիփոթեքային վարկավորման պայմանագրերի վրա: Երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանել առավելագույնը 13 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը. այս կարգավորմանը ևս հետադարձ ուժ կտրվի:
Կհստակեցվի անհատական բնակելի տան կառուցապատման հետ կապված վարկավորման գործընթացը: Ծրագրի գործողության ընթացքում ի հայտ եկած ևս մեկ՝ համագործակցող վարկատու կազմակերպության կողմից վարկի ապահովագրության վճարի չափի հետ կապված խնդրի լուծման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ բարձրացվել են ծրագրի շրջանակներում վարկի տարեկան տոկոսադրույքները, նպատակահարմար է գտնվել ծրագրի շրջանակներում զինծառայողներից չգանձել վարկային պայմանագրի հետ կապված որևէ գումար, ներառյալ՝ վարկի ապահովագրության սպասարկման վճարները, ինչպես նաև, արդեն իսկ կնքված պայմանագրերի մասով, այդ կարգավորմանը ևս տալ հետադարձ ուժ, եթե վարկառուն կհամաձայնի վարկի մնացորդի նկատմամբ տարեկան տոկոսադրույքը սահմանել 7,5 տոկոս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում