Կարող են հանգեցնել ավելի լայն ճգնաժամի․ «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է
mignews.com-ն «Իրանը կարող է հակամարտության մեջ մտնել Հայաստանի կողմից» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հանգեցրել է այնպիսի գործընկերության Հարավային Կովկասում, որը զարմանալի կերպով անցնում է կրոնական, էթնիկական և աշխարհաքաղաքական սահմանները: Այդ մասին գրել է Foreign Affairs հրատարակությունը: Իրանը, որը ղեկավարվում է շիա հոգևորականների կողմից, տնտեսական փրկության օղակ է դարձել քրիստոնյա մեծամասնություն ունեցող Հայաստանի համար, որի հիմնական հովանավորը երկար ժամանակ եղել է Ռուսաստանը: Մինչդեռ Իսրայելը և սուննի մեծամասնություն ունեցող Թուրքիան ռազմավարական դաշինք են կազմել հիմնականում շիա Ադրբեջանի հետ:
Ընդ որում, շիա մեծամասնություն ունեցող Իրանն ու Ադրբեջանը հայտնվել են տարածքի և ինքնության շուրջ տասնամյակներ տևող կատաղի վեճի մեջ: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում հակամարտության նժարը վճռականորեն տեղափոխվել է դեպի Ադրբեջանը, որը ռազմական հաղթանակ էր տարել Հայաստանի նկատմամբ։ Այդ ամենի արդյունքը դանդաղ, բայց հաստատապես թեժացնում է տարածաշրջանի խաղացողների միջև երկար ժամանակ թաքնված լարվածությունը: Եվ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը, որն ավանդաբար հանդիսանում է այդ տարածաշրջանի կարևոր արտաքին խաղացող, շեղված է Ուկրաինայի դեմ պատերազմով: Ադրբեջանի հետ Իսրայելի կապերի խորացումը Թեհրանում մտավախություն է առաջացնում, քանի որ Իսրայելը կարող է Ադրբեջանը օգտագործել որպես Իրանի դեմ գործողությունների մեկնարկային հարթակ։
Հարավում՝ իսրայելա-արաբական և հյուսիսում՝ իսրայելա-թուրքական բլոկի միջև սեղմվելու ենթադրյալ սպառնալիքը, զուգորդված Իրանում ներքին անկարգություններով, կարող է դրդել Թեհրանին բացահայտորեն հակամարտության մեջ մտնել Հայաստանի կողմից և փորձել ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանում: Մինչդեռ գնալով ավելի ինքնավստահ դարձող Ադրբեջանը կարող է փորձել զինել և հրահրել անջատողականություն Իրանի ադրբեջանցի բնակչության շրջանում:
Նման քայլերը կարող են սրել հակամարտությունը, վտանգի տակ դնել ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի կայունությունը և պոտենցիալ կերպով հանգեցնել ավելի լայն ճգնաժամի: Բաքուն ներկայումս պահանջում է, որ Երևանը համաձայնի Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծմանը, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ: Բայց նման միջանցքը կկտրի Իրանի մուտքը Հայաստան, քանի որ երկու երկրներն այլևս ընդհանուր սահման չեն ունենա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում