«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին
Society«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) այսուհետ կհամագործակցեն նոր ձևաչափով: «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ապրիլի 14-ին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր համագործակցությունն ընդլայնելու և համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով:
Միահյուսելով երկու առաջատար կազմակերպությունների ներուժը, առաջավոր փորձն ու գիտելիքը՝ իրականացվելու են կրթական նախագծեր, ճանաչողական այցեր, փորձի փոխանակում՝ ի շահ Հայաստանի տնտեսության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման:
«Երկրի տնտեսության զարգացման գործում որակյալ կրթություն ստացած և մրցունակ երիտասարդության դերն առանցքային է: Այս իմաստով մեծապես կարևորում ենք ուսանողությանը լավագույն փորձի ու գիտելիքի փոխանցումը: Փոխըմբռնման այս հուշագրի ստորագրմամբ բացվում են «Գալաքսի» խմբի «դռները» Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների առջև՝ հնարավորություն ստեղծելով բուհում ստացած գիտելիքը հարստացնել կիրառական փորձառությամբ»,- ասաց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները հնարավորություն կստանան իրենց պրակտիկան անցնել «Գալաքսի» ընկերությունների խմբում, ինչպես նաև այցելելով ընկերություններ` ծանոթանալ «Գալաքսիի» բիզնես գործառնություններին ու կորպորատիվ մշակույթին:
«Ձեռնարկությունների և մասնագիտական աշխարհի հետ կապը գտնվում է ՀՖՀՀ-ի կրթական ռազմավարության հիմքում ավելի քան քսան տարի: Մեր համալսարանը չէր ունենա նույն հաջողությունն առանց ընկերությունների վստահության և ուսանողների կրթման ու աշխատանքի տեղավորման գործում նրանց ներգրավվածության: «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ հուշագրի ստորագրումը լիովին համապատասխանում է մեր մոտեցումներին: ՀՖՀՀ-ի ուսանողներն այսկերպ կօգտվեն «Գալաքսի»-ի գերազանց որակի՝ ազգային ու միջազգային ազդեցությունից»,- նշեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին:
Սույն համագործակցության շրջանակներում կողմերը նաև պայմանավորվել են նախաձեռնել համատեղ այլ միջոցառումներ, այդ թվում ապահովելով «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի կողմից դասախոսությունների անցկացում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար:
***
«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը: Իր գործունեության շուրջ 24 տարվա ընթացքում «Գալաքսին» ստեղծել ու զարգացրել է 15 բիզնեսներ տարածաշրջանում` ապահովելով կառավարումը և ռազմավարական զարգացումը։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոններն են եղել ոլորտային նորարարությունը, արդյունավետ թիմային ներգրավվածությունը և շարունակական ուսուցման հիման վրա մշակված պատասխանատու բիզնես մշակույթը:
***
«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի շուրջ 2000 ուսանող, մեկ տասնյակ դոկտորանտներ և ավելի քան 2700 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2021թ․-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս ընդամենը 4%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում: