«Հնարավորությունն արդեն բաց ենք թողել. երկիրը, մեծ հաշվով, ունի տնտեսական աճ, բայց չունի զարգացում»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր արտահանումը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է, և 2023-ի առաջին երկու ամիսներին այդ միտումները շարունակվել են։ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ ընդգծելով, որ Հայաստանից հիմնականում դեպի Ռուսաստան է արտահանում կատարվում։ Նա մատնանշել է հատկապես վերաարտահանման մասին։
«Ստացվում է՝ մենք զուգահեռ արտահանում ենք իրականացնում։ Աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում մեր տնտեսությունը շահում է, բայց կառուցվածքային առումով զարգացում չի ապրում, արդյունաբերության աճ գրեթե չկա։ Պարզապես առևտուր է իրականացվում, որի ծավալները մեծացել են, ինչի արդյունքում էլ ավելացել են նաև բյուջեի մուտքերը։ Բայց մենք ունենք տնտեսության կառուցվածք, որը չի փոխվում. առևտուր, ծառայություններ, շինարարություն, գյուղատնտեսության վերամշակման ճյուղ, տուրիզմ, որոշ չափով էլ՝ ՏՏ ոլորտը։ Հիմա նույն կառուցվածքը պարզապես ուռճացվել է։ Այսինքն, առևտուրը, շինարարությունը, տուրիզմի ցուցանիշներն ավելացել են՝ պայմանավորված տարբեր գործոններով։ Կառուցվածքը չի փոխվում, բայց ճյուղերը մեծանում են՝ ներգրավելով աշխատուժ»,-ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով, թվարկվածները զգայուն ու խոցելի ճյուղեր են, և ցանկացած ճգնաժամի ժամանակ հենց այդ ճյուղերն են տուժում. «Խոսքը հատկապես շինարարության, տուրիզմի, նաև առևտրի մասին է։ Մեր խնդիրը տնտեսության կառուցվածքը փոխելն է, ընդլայնելն է, ինչին ուղղված քայլեր չկան»: Տնտեսագետի կարծիքով, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ստեղծված իրողությունները հօգուտ Հայաստանի տնտեսության օգտագործելու հնարավորություն կար. «Եվ ոչ միայն հնարավոր, այլ պարտադիր էր, բայց այդ հնարավորությունն արդեն բաց ենք թողել։ Ավելի շատ խոսեցինք՝ շուկային հնարավորություն տալով ինքնուրույն որոշել զարգացումները։ Եվ շուկան ինքնուրույն որոշեց։ Մենք որևէ քայլ չարեցինք, որևէ նոր ոլորտ չզարգացրեցինք։ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից եկած մարդիկ քննարկում էին, թե ինչ ներդրումներ կարելի է անել Հայաստանում։ Միակ ուղղությունը սրճարաններ, ռեստորաններ բացելն էր, պարզ է, չէ՞, չկա աշխատանք, ըստ որի՝ հնարավոր ներդրումներն այլ ոլորտներ կուղղվեին»:
Աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում, ըստ տնտեսագետի, շահեցին այն ոլորտները, որոնք ընդհանուր ալիքի մեջ տեղ ունեին։ «Շահեցին տուրիզմը, շինարարությունը, բանկային համակարգը, զուգահեռ արտահանմամբ զբաղվող ճյուղերը, բայց մենք արդյունաբերության աճ այդպես էլ չունեցանք։ Գյուղատնտեսությունը, օրինակ՝ էլի տեղից չի շարժվում։ Մենք նույնիսկ եղած արդյունաբերական ոլորտների զարգացում չունենք։ ՏՏ ոլորտը, այո, ստացավ մասնագետներ, ինչոր չափով զարգացավ, բայց մեր արդյունաբերական, արտադրական կառուցվածքը դրանից չշահեց, աճ չկա»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ վերոնշյալն արտացոլված է նաև պաշտոնական վիճակագրության մեջ։
«Երկիրը, մեծ հաշվով, ունի տնտեսական աճ, բայց չունի զարգացում։ Նույն շինարարության ու առևտրի ոլորտները կապահովեն հարկային մուտքեր, ՀՆԱ-ի աճ, բայց զարգացում, աշխատուժի վերապատրաստում, կրթական համակարգի փոփոխություն՝ ոչ։ Այսինքն, ինժեներների, ճարտարապետների, տեխնոլոգների պահանջարկ պարզապես չի լինի։ Կլինեն տուրիզմի, շինարարության ու առևտրի ոլորտի մասնագետներ, որոնք կավելացնեն զբաղվածությունը»,-ասաց նա՝ նշելով, որ նոր իրողությունների, ճգնաժամերի դեպքում այդ ոլորտները տուժելու են։
«Նման սցենարների դեպքում ծանր իրավիճակում ենք հայտնվելու։ Խոսքն առաջին հերթին գործազրկության նոր հնարավոր ալիքի մասին է։ Այդ դեպքում, սակայն, չեն լինելու այլ ոլորտներ, որոնք կդիմադրեն ճգնաժամային իրավիճակներին։ Խոսքն արտադրական ոլորտների մասին է։ Մենք նաև շուկաներ էլ չունենք, հիմնական արտահանումը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանի շուկայի հետ մի բան պատահի, խնդիրներ են լինելու։ Ընդհանուր առմամբ, մի շուկայից կախվածությունը, տնտեսության կառուցվածքի զարգացման բացակայությունը, նեղ ու սահմանափակ վիճակը, աշխատուժը չվերապատրաստելը մեր հիմնական խնդիրներն են»,-ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, մեր տնտեսական միտումներն այս պահին ավելի շատ պայմանավորված են աշխարհաքաղաքական զարգացումներով, Ռուսաստանի շուկայի հնարավոր զարգացումներով. «Այսօր շուկային ազատություն ենք տվել, բայց գործնականում ոչինչ չի արվում»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում