Մշակում են ռազմավարական հաղորդակցության աջակցության միջոցառումներ․ «Փաստ»
International news«Փաստ» օրաթերթը գրում է
rt.com-ը «ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանի իշխանություններին վերապատրաստել ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախատեսում է «օգնել» Հայաստանի իշխանություններին քաղաքացիներին տեղեկատվություն փոխանցել մասնավորապես երկրում իրականացվող բարեփոխումների մասին։ rt.com-ը ծանոթացել է ամերիկյան գերատեսչության նախագծի նախնական նկարագրությանը։
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանում մշակում է ռազմավարական հաղորդակցության աջակցության միջոցառումներ, որպեսզի Հայաստանի իշխանություններին տրամադրի արդյունավետ ռազմավարական հաղորդակցության համակարգեր, հնարավորություններ և պրակտիկա», - ասվում է փաստաթղթում: Ինչպես պարզաբանել են USAID-ում, այդ ծրագրի համար կարող է հատկացվել 5-ից մինչև 20 միլիոն դոլար։ Ամերիկացի փորձագետները հիշեցրել են, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Երևանը ձեռնամուխ է եղել մի շարք բարեփոխումների։ Միևնույն ժամանակ, ըստ նրանց, Հայաստանի կառավարությունը զգալի դժվարությունների է հանդիպել այդ բարեփոխումների և ձեռք բերված առաջընթացի մասին հաղորդակցվելու հարցում։
Դրա պատճառը, ի թիվս այլ բաների, հաղորդակցման մեխանիզմների բացակայությունն է, ապատեղեկատվական արշավները և մեդիա գրագիտության ցածր մակարդակը: «Համակարգված, տվյալների վրա հիմնված, նախաձեռնող և ինտերակտիվ հանրային իրազեկման բացակայությունը խաթարում է կառավարության վստահելիությունը և բարեփոխումների օրակարգն առաջ տանելու և ներքին ու արտաքին վնասակար ազդեցություններին դիմակայելու նրա կարողությունը», - ասվում է գործակալության ծրագրում: Գործակալությունը շահագրգիռ կազմակերպություններին խնդրել է տրամադրել դիտողություններ և առաջարկություններ ծրագրի մշակման համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում