«Փաշինյանը փոշիացրել է բանակցային գործընթացը. այսօր իր «պրավալը» փորձում է բարդել ուրիշների վրա». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Գրեթե 5 տարի առաջ բանակցություններն իր սեփական զրոյական կետից սկսելու մասին հայտարարող Նիկոլ Փաշինյանը, որը նախորդ ղեկավարներից ամենաշատ հանդիպումներն է ունենում Ալիևի հետ, այսօր ասում է, որ ինքը ոչինչ չի հասցրել բանակցել: Փաշինյանը, որը ժամանակին ասում էր՝ «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք», այսօր շարունակում է բողոքել նախկին իշխանությունների թողած բանակցային ժառանգությունից: Ավելին՝ կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելուց ասաց, թե իր սխալն այն է, որ իշխանության գալուց ցույց չի տվել բանակցային թղթերն ու ասել՝ «ժողովո՛ւրդ, մենք հասել ենք այս կետին, տարբերակ չունենք»:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ Փաշինյանի հայտարարությունները հերթական ստերն են: «Այնքան տարրական սուտ է ասել, որ որևէ հակափաստարկ չի դիմանում: Բոլորը, այդ թվում՝ Ալիևը, գիտեին, թե մինչ իշխանության աթոռին իր հայտնվելը որքան պինդ էին Հայաստանի դիրքերը: Ինչպես միշտ՝ սուտ է ասում, ինքը բանակցային բավականին նորմալ ժառանգություն է ստացել, պարզապես այդ ժառանգությունն ամբողջովին փոշիացրել է: Ու որպեսզի հիմա արդարանա ու իր մեղքը, այսպես ասած, քիչ լինի, հիմնավորում է այնպես, թե իբր այն ժամանակ վատ ժառանգություն է ստացել: Ամբողջ խնդիրն այն է, որ անգրագետ անձնավորություն է, քաղաքականությունից, մանավանդ դիվանագիտական հարաբերություններից ոչինչ չի հասկանում: Ըստ էության, «պրավալ» է տվել բանակցային գործընթացը, որի արդյունքում ճանապարհ է բացել Ադրբեջանի ագրեսիայի համար, և Հայաստանը պարտվել է: Հիմա նա հասկանում է, որ պարտության արդյունքներն իր վրա են գրվելու, ու որպեսզի պատասխանատվությունը քիչ լինի, վախից փորձում է «պրավալի» արդյունքը բարդել ուրիշների վրա: Կարող է, օրինակ՝ բարդել նախկինների, ռուսների վրա, վաղը կարող է բարդել ամերիկացիների վրա, հետո էլ ասել՝ Ալիևն իրեն խաբել է»,-ասաց քաղաքագետը:
Երվանդ Բոզոյանը նշեց, որ բոլոր խաբեբաների գործելաոճը նույնն է. «Երբ մարդը տոկոսով փող է վեցնում ու չի կարողանում վերադարձնել, փորձում է տարբեր պատճառներով խաբել պարտատիրոջը: Բազմաթիվ հեքիաթներ կարող է հորինել՝ ասելով՝ մայրն է հիվանդացել, հայրն է ծանր վիճակում: Փաշինյանը խաբեբաների այս շարքին է դասվում: Նա խաբում է՝ ասելով, թե չի բանակցել: Ինքն ասում է՝ ասելու համար, հիմնավորելու, թե ինչով են պայմանավորված իր քայլերը»:
Անդրադառնալով բանակցային գործընթացի 5 տարվան՝ նա հավելեց. «Իմ կարծիքով, սկզբնական փուլում փորձել է ինչ-որ բաներ անել, բայց քանի որ անգրագետ է, «պրավալ» է տվել բանակցային գործընթացը: Իսկ «պրավալից» հետո իրեն չեն ներելու՝ հաշվի առնելով բազմաթիվ զոհերի, կորուստների հանգամանքը: Հիմա այդ «պրավալից» հետո Փաշինյանը հայտնվել է պատանդի կարգավիճակում: Այսինքն, դրսի շրջանակներն իրեն արդեն շանտաժի են ենթարկում՝ ասելով, որ եթե այս կամ այն քայլերը չարեցիր, եթե վաղը փորձես ժողովրդի ճնշման արդյունքում ճողոպրել, մենք քեզ ապաստան չենք տա: Իր մոտ այս վիճակն է: Եթե սկզբից անգրագետ էր, սխալների արդյունքում հայտնվել էր ծանր վիճակի մեջ, հիմա հայտնվել է պատանդի կարգավիճակում՝ դրսի շրջանակների կողմից: Վերջիններս իրեն հակապետական, հակահայկական քայլեր են պարտադրում անել՝ դրա դիմաց խոստանալով, որ իրեն փախստականի կարգավիճակ են տալու, որովհետև վաղ թե ուշ ճողոպրելու է Հայաստանից. այն, ինչ կատարվել ու կատարվելու է Հայաստանի հետ, իրեն ոչ ոք չի ներելու: Իրեն, մեծ հաշվով, պարտադրում են Հայաստանի անվտանգության սյուները ոչնչացնել»:
Ըստ քաղաքագետի՝ պատճառը պարզ է: «Հայաստանի անվտանգության հովանոցը գտնվում է Ռուսաստանի ձեռքում: Այսօր Ռուսաստանն Արևմուտքի հետ մեծ պատերազմի մեջ է: Արևմուտքը բոլոր ուղղություններով պատերազմում է Ռուսաստանի հետ: Հայաստանի դեպքում Փաշինյանից իր արևմտյան տերերը պահանջում են, այսպես ասած, կտրել Ռուսաստանի թելերը, ինչը կնշանակի Հայաստանի անվտանգության հովանոցը վերացնել, այսինքն, նոր ագրեսիայի համար ճանապարհ բացել: Ու, անկախ ամեն ինչից, Փաշինյանը գնում է այդ ճանապարհով, որովհետև ինքն արդեն կախված է Արևմուտքից, իր և իր ընտանիքի փրկությունը պայմանավորված է Արևմուտքով ու այդ խնդիրը լուծում է՝ ի վնաս Հայաստանի, հայ ժողովրդի: Եթե հայ ժողովուրդը ոտքի չկանգնի ու մինչև այդ վնասը հասցնելը չվռնդի այս մարդուն, մոտ ժամանակներս ականատես կլինի նկարագրվածի հետևանքներին»,-ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը լիարժեք ճանաչելու» Փաշինյանի հայտարարությանը՝ նա հավելեց. «Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փաստացի զոհաբերում է Արցախը: Այս առումով ևս Արևմուտքի պատվերն է, որպեսզի վերջնարդյունքում ռուսական զորքն այլևս չմնա Արցախում: Արևմուտքն ուզում է ռուսական զորքը դուրս գա այնտեղից, որ Ադրբեջանի ձեռքերն ազատվեն, ու Ադրբեջանը շարունակի իր հակաիրանական ու հակառուսական քաղաքականությունը: Պետք է, որ իր ձեռքերն ազատ լինեն հայերի կողմից, ու վերոնշյալ պատվերի կատարումը հենց այդ համատեքստում է: Փաշինյանն այդ պատվերը կատարելու է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հաշվին, և շարունակելու է կատարել այնքան, մինչև հայ ժողովուրդը ոտքի կանգնի՝ հասկանալով, որ չի կարելի ոչխարի պես մորթվել»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում