«Կոչումը՝ կին․ ոսկե կոդ». Մանե Թանդիլյանի նոր ձեռքբերումը
Analysis«Կոչումը՝ կին․ ոսկե կոդ» ամենամյա մրցանակաբաշխությունն է կայացել օրերս, տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող ու գործունեություն ծավալող հայ կանայք, ովքեր սոցիալական, հասարակական-քաղաքական և բիզնես ոլորտներում ակտիվ գործունեություն են ծավալել, մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեցել։ «Ապրելու Արցախ» և «Ապրելու» հիմնադրամների համահիմնադիր, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մրցանակի է արժանացել «Սոցիալ-հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կին» անվանակարգում։ «Ցանկացած կին կարող է, քանի դեռ չի մտածում, որ չի կարող»,- իր ելույթում փաստել է Մանե Թանդիլյանը։
«Ապրելու երկրի» նախագահի այս մրցանակը, թերևս, միայն իրենը չէ, այլ բոլոր այն կանանց մրցանակն է, ովքեր համարձակվում են իրենց առջև մեծ նպատակներ դնել, հասնել դրանց, պատասխանատվություն ստանձնել և արժանապատվորեն իրագործել բոլոր նպատակները։ Թանդիլյանը լուրջ պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում և Արցախում, բոլոր դեպքերում հաջողել, հաճախ էլ տղամարդ գործընկերներից առավել լուրջ արդյունքներ ցուցադրել։
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, մեծ հավանականությամբ, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է հենց Մանե Թանդիլյանը։ Բնավ զարմանալի չէ, որ գործող վարչախմբի թիրախում ոչ թե նախկիններն են կամ մյուս, առանձնապես անհայտ թեկնածուները, այլ հենց Մանե Թանդիլյանը, որի ակտիվությունն հարամել է իշխանության, նրա թեկնածուի, վարչախմբի սպասարկուների քունը, և «Ապրելու երկրի» կուսակցության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի և նրա թիմակիցների դեմ իշխանության արշավն օրեցօր նոր թափ է հավաքում, դուրս գալիս տրամաբանության և ողջամտության սահմաններից։
Ով-ով, Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները հրաշալի գիտեն Մանե Թանդիլյանի կարողությունները, հմտությունները, և լրջորեն վախեցած են իրենց հնարավոր պարտությունից։
Սուրեն Կարապետյան