Գագիկ Ծառուկյանն ու Չեխիայի դեսպանը հանդիպել են
SocietyԲարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին։ ԲՀԿ նախագահը նախ շնորհավորել է դեսպան Պիրունչիկին նշանակման առթիվ` մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և բարեկամ Չեխիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։
Հանդիպման շրջանակներում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը գործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևորությունը հարաբերությունների խորացման գործում։ Գագիկ Ծառուկյանը դեսպանին հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար և ժողովրդագրական ճգնաժամի սպառնալիքի առջև: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը: