Ցեղասպանությունն այսօր
SocietyԱպրիլի 24-ին ` «Զանգակ» գրատանը, տեղի ունեցավ «Ցեղասպանությունն այսօր» խորագրով հանդիպում` «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի հեղինակ, ամերիկահայ գրող,բարերար, Աննա Աստվածատուրյան Թերքոթի հետ` ով տարիներ շարունակ Հայաստանի և Արցախի բնակչների համար մի շարք մարդասիրական ծրագրեր է նախաձեռնել։
2020 թ․-ին հիմնել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը, որի շրջանակում ընդլայնել է բարեգործական գործունեությունը հետպատերազմյան Արցախում։
Միջոցառումը վարեց «Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
Շնորհանդեսի ընթացքում խոսվեց գրքի մասին, որը մինչև գիրք դառնալը դեռահաս աղջնակի օրագիր էր, թե ինչպես ինքը, ով այդ ժամանակահատվածում ընդամենը 8-ամյա մի աղջնակ էր ականատես եղավ 1988թ.-ին Ադրբեջանի կատարած վայրագություններին։
Աննա Աստվածատուրյան Թերքոթը գրել է Բաքվի ջարդերի, հայերի բնաջնջման, բռնությունների մասին։
Միջոցառման ընթացքում գրքի հեղինակը խոսեց իր կյանքի, ապրած տրավմաների և իր ծավալած գործունեության մասին։
Անդրադարձ կատարեց նաև այսօր` Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների, Արցախի շրջափակման մասին, որակելով այն «այսօրվա ցեղասպանություն»։
Պատմեց իր հիմնադրամի, դրա կատարած գործունեության, և իրականացրած ծրագրերի մասին, որոնցից մեկն էլ` «Սեր Արցախ»-ն է։ Ծրագիրը մեկնարկել է 44-օրյա պատերազմից հետո, որի շրջանակներում Արցախում ծնված յուրաքանչյուր փոքրիկ ստանալու է իր առաջին նվեր-տուփը։
Եվ վերջում` Աննա Աստվածատուրյանն իր խոսքում նշեց նաև, որ տեղյակ է Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին ու հնարավոր է իրականացվի նաև «Սեր Սյունիք», «Սեր Տավուշ» ծրագրերը։
Անուշ Հայիրյան