Ի՞նչ կապ ունեն Մուհամեդ Ալին, Ջենիֆեր Լոուրենսը, Թոմաս Էդիսոնը և բուրբոնը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Կենտուկիի ամենամեծ քաղաքը՝ Լուիսվիլը (հայտնի է որպես Լույվիլ), հպարտանում է իր բազմաթիվ նվաճումներով և տեսարժան վայրերով: Այնտեղ են ծնվել գրող Հանթեր Ս. Թոմփսոնը, լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը: Այնտեղ է Թոմաս Էդիսոնը առաջին անգամ ցուցադրել իր լամպը: Եվ, իհարկե, Լուիսվիլն է հանրահայտ Early Times բուրբոնի հայրենիքը, ինչի մասին հայտնում է այն արտադրող ձեռնարկության տանիքի հսկա շիշը, որը պարզ եղանակին տեսանելի է մի քանի կիլոմետր հեռավորությունից: Առաջին անգամ իռլանդացի և շոտլանդացի ներգաղթյալներն են սկսել բուրբոն արտադրել: Նոր հայրենիքը՝ Ամերիկան, պարզվել է, որ այնքան էլ հարմար չէ գարի աճեցնելու համար, և, հետևաբար, նրանք սկսել են դրան փոխարինող փնտրել:
Պարզվել է, որ տարեկանն էլ գարու լավագույն փոխարինող չէ, և այդ պատճառով վերաբնակիչները սկսել են աճեցնել եգիպտացորեն: 18 -րդ դարի վերջին եգիպտացորենը դարձել է թունդ ոգելից խմիչքների արտադրության հիմնական հումքը, և բուրբոն փաստացի սկսել են թորել համարյա ամեն տանը: Այս իրավիճակը չէր կարող չգրավել կառավարության ուշադրությունը, և 1794 թվականին ալկոհոլ արտադրելու և վաճառելու համար հարկ է սահմանվել: Այդ որոշումը հանգեցրել է անկարգությունների Փենսիլվանիայում, սակայն Ջորջ Վաշինգտոնը, առանց կանոնավոր բանակի օգնության, բավականին խստորեն ճնշել է բոլոր անկարգությունները: Early Times բուրբոնի թորման գործարանը իր առաջացմամբ պարտական է Ջեք Բիմին: Հենց նա է1860 թվականին հիմնադրել այդ ընկերությունը, որը արագորեն հանրաճանաչ է դարձել:
Այն իր ժողովրդականության համար պարտական է բուրբոնի երկու չափազանց հաջողված տեսակների՝ Kentucky Whisky և 354 Bourbon: Դրանք անփոփոխ թողարկվել են մինչև 1920 թվականի չոր օրենքի ընդունումը: Այն բանից հետո, երբ ԱՄՆ -ում ալկոհոլի վաճառքն արգելվել է, վիսկի և բուրբոն արտադրող շատ ընկերություններ ստիպված են եղել փակել իրենց բիզնեսները կամ փոխել արտադրությունը: Սակայն Early Times-ին այն ժամանակ հաջողվել է հաղթահարել դժվար պահը: 1923 թվականին արդեն փակված գործարանը դարձել է Brown-Forman ընկերության սեփականությունը: Այդ ընկերությունը հայտնվել էր Ջորջ Բրաունի ջանքերով 1870 թվականին և, բացի դեղերի վաճառքից, զբաղվում էր նաև բուրբոնի վաճառքով (դեղերի վաճառքի քողի տակ):
BrownForman-ը իրավունք է ունեցել վաճառել «բժշկական» ալկոհոլ, և որոշ ժամանակ Early Times բուրբոնը գրեթե միակ թունդ խմիչքն է եղել, որը բացարձակ օրինականորեն վաճառվել է: «Չոր օրենքի» վերացումից հետո ԱՄՆ-ում ալկոհոլի շուկան սկսել է արագորեն լցվել, և շուկայում իր դիրքերը չկորցնելու համար Brown-Forman-ը ամբողջությամբ անցել է բարձրորակ ալկոհոլի վաճառքին: Early Times- ը արագորեն գրավել է ամերիկյան շուկայի զգալի մասը 1960 -ականներին՝ դառնալով Ամերիկայի ամենահայտնի բուրբոնը:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում