«Երևանն ընտրում է այն երկրները, որոնք անվտանգության երաշխիքներ ու տնտեսական զարգացման հնարավորություններ չեն տալիս»․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
polit.info–ն «Դրամատիկ պահ. Փաշինյանը թաքուն նախապատրաստում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալը «բավականին հեռանկարային» քայլ է թվում, բայց այն չի բավարարում հանրապետության իրական կարիքները։ Այդ մասին polit.info-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար, քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը։ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել է, որ Երևանը դժվարություններ է ապրում ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Պրահայի Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնում ելույթի ժամանակ այդ քաղաքական գործիչը կրկին դժգոհել է միության կողմից հանրապետության հանդեպ որոշակի պարտավորությունները չկատարելուց։
Մասնավորապես, Հայաստանը դժգոհ է, որ կազմակերպությունը պատրաստ չէ քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ 2023 թվականի սկզբին Հայաստանը հրաժարվեց հանրապետության տարածքում ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժություններն անցկացնելուց՝ դրանք անվանելով ոչ տեղին։ Քաղաքագետները բազմիցս են, ի թիվս այլ բաների, ուշադրություն հրավիրել Երևանի խիստ ոչ միանշանակ դիրքորոշման և դեպի Արևմուտք «աստիճանական շեղման» վրա՝ ենթադրելով, որ երկիրը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Ինքը՝ Փաշինյանը, հերթական անգամ երկիմաստություն է մտցրել: Ըստ նրա, արևմուտքում կարծում են, որ Հայաստանը «Ռուսաստանի վստահելի երկիրն է», իսկ արևելքում կարծում են, որ հանրապետությունը արևմտամետ քաղաքականություն է վարում։
Սակայն, մատնանշելով պետության անկայուն դիրքը, վարչապետը բացահայտ հավատարմություն չի ցուցաբերում որևէ կողմի նկատմամբ։ Նա ընդունում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը չի երաշխավորում Երևանի անվտանգությունը։ Բացի դա, մարտին նա հերքել էր ՀԱՊԿ-ին անդամակցության հնարավոր դադարեցումը՝ վկայակոչելով այն փաստը, որ կազմակերպությունն ինքն է «դուրս գալիս Հայաստանից»։ Խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության մասին՝ Կիրեևը նշել է, որ հենց սկզբից հանրապետության ներկա ղեկավարությունը սկզբունքորեն է ձեռնամուխ եղել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու ուղղվածության որդեգրման։ «Նույնիսկ եթե դա վնասում է Հայաստանին՝ տարածքների կորուստներ, տնտեսական զարգացման հնարավորությունների նվազում, անվտանգային սպառնալիքներ, այդ ամենը էական չէ այն տեսանկյունից, որ ներկա էլիտայի համար շատ ավելի կարևոր է հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ»,- ասել է փորձագետը:
Քաղաքագետը հաջորդ կարևոր ասպեկտը համարում է ՀԱՊԿ երկրների հարաբերությունները: Այդ երկրները տարբեր աստիճանի կապեր են պահպանում, սակայն գրեթե բոլորն էլ «ավելի առաջնահերթ» հարաբերություններ ունեն Ադրբեջանի, քան Հայաստանի հետ։ Օրինակ՝ կա Թուրքական համերաշխության կազմակերպությունը, որը ներառում է Ղազախստանը, Ղրղզստանը և Ադրբեջանը, կամ արդյունաբերական համագործակցությունը Բելառուսի հետ, ինչպես նաև Բաքվի և Մոսկվայի տնտեսական և ռազմավարական կապը, քանի որ Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրն իրականացվում է Ադրբեջանի տարածքով, հիշեցրել է փորձագետը: «Հայաստանն ու Ադրբեջանն ունեն անլուծելի հակասություններ, որոնք հիմնված են առաջին հերթին հոգեբանության՝ իրավիճակի գաղափարի վրա։ Դա չի նշանակում, թե չի կարելի հասնել խաղաղ հարաբերությունների։
Պարզապես թվում է, թե Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, քանի որ 2020 թվականի պատերազմը նրա համար հաջող էր, և դա՝ չնայած այն հանգամանքին, որ տարբեր կողմերից կշտամբում են, որ պետք է մեղմել պահանջատիրության առումով եռանդը Հայաստանի նկատմամբ: Սակայն Բաքուն ցանկանում է իրագործել իր նպատակները»,փաստել է polit.info–ի զրուցակիցը։ Հայաստանի ղեկավարությունն իր հերթին օգտագործում է Ադրբեջանի հետ հակամարտությունը որպես «ցատկահարթակ»՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանն է մեղավոր Երևանի բոլոր անախորժությունների համար։ Ըստ առկա քաղաքական էլիտայի, Մոսկվան, իբր, չի պաշտպանել Հայաստանին 2020 թվականի հակամարտության ժամանակ, մանրամասնել է Կիրեևը։ «Հետևաբար, երկու կողմն էլ իրենց իռացիոնալ են պահում, և դաշնակիցներն են (մասնավորապես ԱՄՆ-ը) նրանց դրդում դրան, սադրում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին` բարձրացնել պահանջատիրության մակարդակը միմյանց և Ռուսաստանի նկատմամբ, քանի որ դա թույլ է տալիս մեծացնել տարածաշրջանի նկատմամբ ուշադրության մասնաբաժինը»,- ասել է փորձագետը:
Ընդ որում, ՀԱՊԿ դաշնակիցները կա՛մ հեռու են մնում հակամարտությունից, կա՛մ աջակցում են կողմերից մեկին։ Այսպիսով, երկու պետությունների տարաձայնություններն ավելի շատ գաղափարական բնույթ են կրում։ Այս ֆոնին Երևանի դուրս գալը կազմակերպությունից բավականին հեռանկարային է թվում, սակայն իրականում նման պոտենցիալ քայլը հակասում է հանրապետության իրական շահերին, համոզված է հրապարակման աղբյուրը։ Կիրեևի խոսքով, այս պահին Հայաստանը կարող է զարգացում ապահովել միայն տարածաշրջանային համագործակցության և Ռուսաստանի Դաշնության ու Իրանի հովանավորության միջոցով։ Սակայն Երևանն ընտրում է այն երկրները, որոնք անվտանգության երաշխիքներ ու տնտեսական զարգացման հնարավորություններ չեն տալիս։
Ինչպես հավելել է քաղաքագետը, Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ բոլոր անդամների հետ հարաբերությունների պահպանմամբ, սակայն, չնայած պատմական հարաբերություններին, Հայաստանի ներկայությունը ՀԱՊԿ–ում Մոսկվայի համար սկզբունքային չէ և կենսական նշանակություն չունի անվտանգության և տարածաշրջանային զարգացման ռուսական հայեցակարգի տեսանկյունից։Եթե Հայաստանը դուրս գա կազմակերպությունից, ապա դա կդառնա «տհաճ ու դրամատիկ պահ», բայց Ռուսաստանը «անիվների մեջ փայտ չի դնի» ու խուճապ չի ստեղծի։ Ընդհակառակը, հայկական կողմից պետք է ակնկալել սադրանքներ, որոնք նպատակ ունեն հնարավորինս համոզիչ կերպով ցույց տալ հասարակությանը՝ հարաբերությունների անդառնալի խզումը, եզրափակել է Կիրեևը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում