Փող. միշտ փոխվում է արտաքինը, իսկ բնույթը, ինչպես միշտ, մնում է նույնը․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Մարդկության ամենամեծ գյուտերից մեկի՝ փողի՝ որպես վճարամիջոցի պատմությունը գալիս է հազարամյակների խորքից: Մ.թ.ա. 7-8 հազար տարի առաջ բնամթերային փոխանակումն է լայն տարածում ունեցել՝ խոշոր եղջերավոր անասուններ, քարեր, խեցիներ, մետաղի կտորներ։ Բայց հետո հաշվարկների հարմարության համար հասարակությունը որոշել է միայն մեկ ապրանքը սահմանել որպես վճարման միջոց, և այդպես հայտնվել է առաջին «փողը»: Մեր կյանքի ամեն օրը անփոփոխ կապված է փողի հետ։ Ցանկացած պահի, ինչ էլ անենք, մենք շրջապատված ենք բազմաթիվ ապրանքներով և ծառայություններով, որոնք ունեն իրենց գինը: Մարդը վաղուց է ընկել դրանից տոտալ կախվածության մեջ։ Մարդը, որպես իսկապես նպատակասլաց էակ, դժվար թե «բավարարվի» եղած փողով, նա միշտ ձգտում է ավելիին:
Ինչպես մի իմաստուն մարդ է ասել, փողը ո՛չ բարի է, ո՛չ էլ չար, այն էներգիայի որոշակի ձև է, որն ընդունում է դրական կամ բացասական ձև՝ կախված նրանից, թե ում ձեռքերում է։ Փողի «էվոլ յուցիայի» մի քանի փուլ է եղել: Առաջինը փոխանակումն է: Հին ժամանակներում, երբ մարդկությունը նոր էր սկսել զարգանալ, յուրաքանչյուր մարդ մասնագիտանում էր իր սեփական ինչ-որ «բնագավառում»: Այսպիսով, նա կարող էր ունենալ ավելցուկ ինչ-որ բանի և մեկ այլ բանի պակաս, և տեղի էր ունենում փոխանակություն: Պետք է ասել, որ փոխանակումը ինքնին առևտրի չափազանց անհարմար ձև է։ Միշտ չէ, որ հնարավոր է ճիշտ գնահատել այն ապրանքների արժեքը, որոնք պետք է փոխանակվեն։ Եվ, բացի այդ, քո ունեցած ավելցուկի պակասով մարդ գտնելը հեշտ չի եղել։ Հետևաբար, փողի էվոլ յուցիայի հետագա ուղին, այսպես կոչված, համընդհանուր շրջանառության միջոցի առաջացումն էր, այսինքն՝ ինչ-որ ապրանք պետք է դառնար այլ ապրանքների և ծառայությունների արժեքը գնահատելու միջոց:
Տարբեր ժողովուրդներ օգտագործել են տարբեր բաներ դրա համար՝ սկսած անասուններից մինչև փափկամարմինների խեցիներ: Հետո սկսել է մետաղը շրջանառվել որպես ունիվերսալ շրջանառության միջոց։ Մետաղի օգտագործումը՝ որպես փոխանակման միջոց, սկսվել է դեռ հին ժամանակներում: Սկզբում դրանք եղել են տարբեր իրեր, օրինակ՝ նետերի ծայրեր։ Հետագայում մարդիկ սկսել են օգտագործել պարզապես մետաղական ձուլակտորներ: Հաջորդ քայլը եղել է մետաղադրամների առաջացումը: Դրանք ունեցել են բավականին մեծ արժեք և քիչ քաշ: Մետաղադրամների նյութերը ևս շատ տարբեր են եղել. սկզբնական փուլերում եղել են երկաթ, պղինձ և բրոնզ, իսկ ավելի ուշ՝ շատ ավելի հազվադեպ հանդիպող մետաղներ՝ արծաթ և ոսկի։ Փողի էվոլ յուցիայի հաջորդ փուլը եղել է թղթադրամների առաջացումը: Մինչ օրս էլ դրանք աշխարհի բնակչության ճնշող մեծամասնության համար փոխադարձ վճարումների հիմնական միջոցներն են, բացի դա, դրանք ունեն իրենց արտադրության բավականին ցածր ինքնարժեքը՝ համեմատած նախկին փողերի հետ:
Ներկայում ժամանակակից աշխարհում արդեն շրջանառվում և տարածված է նաև էլեկտրոնային փողը։ Դա պայմանավորված է բանկային քարտերի հայտնվելով, իսկ հիմա՝ նաև բջջային հեռախոսներով ու համապատասխան վճարային «դրամապանակներով»: Իսկ ընդհանրապես, փողի ծագման պատմությունը կարելի է ներկայացնել մի մեծ գրքով։ Այն կարող է պարունակել պատմություններ թղթային փողերի մասին, պատմություններ այն մասին, թե ինչպես են դրանք սկսել պաշտպանել կեղծարարներից, երբ հայտնվել են բանկերը: Այստեղ խոսվեց միայն այն մասին, թե ինչպես է փոխվել և զարգացել փողը արտաքինից, ինչ տարբեր ձևեր է ընդունել իր զարգացման ընթացքում։ Բայց փողի ներքին բնույթը, ինչպես միշտ, մնացել է նույնը՝ անկախ ֆիզիկական ձևից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում