Պարարվետսի ու սպորտի միավորում՝ ակրոբատիկ ռոքնռոլ․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Ակրոբատիկ ռոքնռոլը սպորտային պարի տեսակ է, որը միավորում է պարարվեստի և ակրոբատիկայի տարրերը։ Այդ սպորտայինպարային ելույթը տևում է, որպես կանոն, մեկուկես րոպե. կարևոր նախապայման է, որ երաժշտության ռիթմը հստակ կարգավորվի, իսկ մրցումների ժամանակ գորգեր, փափուկ հատակներ չեն օգտագործվում։ Իսկ ե՞րբ է առաջացել ակրոբատիկ ռոքնռոլը: 20-րդ դարի 50-ական թվականներին ռոքնռոլը դարձել էր պարի մասին ավանդական գաղափարների մարտահրավերի խորհրդանիշ: Ազատությունը, ռիթմը, մղումը գրավել էին շատերին։ Պարը ջնջել էր դասակարգային, ազգային սահմանները: Ենթադրվում է, որ ռոքնռոլի արմատները գնում են դեպի աֆրիկյան մայրցամաքի բնակիչների ծիսական պարերը։
Ռոքնռոլի ծննդյան օր է համարվում 1954 թվականի ապրիլի 12-ը, երբ ամերիկյան էկրաններին թողարկվեց մի ֆիլմ, որտեղ պարողների զույգը շարժվում ու պտտվում էր Բիլ Հեյլիի «Rock Around the Clock» երգի ներքո: Հանդիսատեսին դուր էր եկել այդ անսովոր բոցավառ պարը այնքան, որ շուտով այն տարածվեց բոլոր նահանգներում: Հենց ռոքնռոլի հետ են կապվում այնպիսի աստղերի անունները, ինչպես Չակ Բերին, Էլվիս Փրեսլին, Ջեյմս Բրաունը։ Այդ երաժշ տ ա կան ուղ ղու թյան շնոր հ ի վ Beatles-ը և Rolling Stones-ը հանրահայտ դարձան։ 1970-ականներին ռոքնռոլը զվարճանքի պարից վերածվեց սպորտային պարի՝ ակրոբատիկ ռոքնռոլի: Պարուսույց Ռենե Սագարան դարձավ այդ պարի հիմնադիրը։ Ավելի ուշ Գերմանիայում պարուսույցների ասոցիացիան մշակեց սպորտային ակրոբատիկ ռոքնռոլի կանոնները։
1974 թվականին հայտնվեց ակրոբատիկ ռոքնռոլի ասոցիացիան, որը միավորեց եվրոպական սպորտային պարային ակումբները։ Դրան միացան Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Շվեյցարիան։ Պարի ժողովրդականությունը մեծացավ, և մի քանի տարի անց՝ 1984 թվականին ստեղծվեց Ակրոբատիկ ռոքնռոլի համաշխարհային ասոցիացիան, որը միավորեց աշխարհի 35 երկիր։ Նրա հովանու ներքո սեպտեմբերից մայիս սկսեցին պարբերաբար անցկացվել տարբեր մակարդակների մրցույթներ։ Մարզիկների ծրագիրը բաղկացած չէ ակրոբատիկայի բարդ տարրերից, պարը ավելի կարևոր է այդ մարզաձևում։
Ուստի, սպորտային տարրերի քանակը և դրանց բարդությունը պետք է համապատասխանեն մրցման տեսակին, պարողների տարիքային կատեգորիային։ Բարդ տարրերի մեծ մասը թույլատրված է կատարել «M class-mixed» կարգում, նման մրցույթներում կարելի է տեսնել ակրոբատիկայի տարրեր: Հանդիսատեսը սիրում է այդ սպորտաձևը իր դինամիկության, գեղեցկության և մատչելիության համար: Ակրոբատիկ ռոքնռոլի համար տարիքային սահմանափակում չկա։ Դրանով կարող է զբաղվել 6 տարեկանից սկսած ցանկացած երեխա: Նույնը կարելի է ասել նաև ստեպ-ռոքնռոլի մասին, որը հասանելի է բոլորին՝ բացարձակ առանց որևէ տարիքային սահմանափակման:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում