Նոր համակարգի տեղադրմամբ ԶՊՄԿ-ն կանխատեսում է փոշու արտանետումների կրճատում
Society«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նախագծի փոփոխություն (Սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգի (SARD–1200) կառուցում և բացահանքի վերջնական եզրագծի փոփոխություն)» նախատեսող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային չորրորդ քննարկումները տեղի կունենան 2023թ. մայիսի 31-ին` ժամը 14:00-ին, Քաջարանի մշակույթի պալատում:
Հանքի սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգը նախատեսված է բացահանքի տարածքում սորուն ապարների շուրջօրյա տեղափոխման աշխատանքներ իրականացնելու համար:
Ըստ հաշվետվության՝ նախատեսվող գործունեությունը կապահովի արտանետումների և փոշու նվազեցում: Մասնավորապես, կանխատեսվում է, որ դատարկ ապարների բարձման և բեռնաթափման արդյունքում արտանետվող փոշու քանակությունը 42տ/տ-ուց կկրճատվի 21 տ/տ-ի, իսկ դատարկ ապարների տեղափոխման ընթացքում արտանետվող փոշու քանակությունը՝ 167.31 տ-ով:
Նախատեսվող գործունեությունն ամբողջությամբ նախատեսված է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և արդյունաբերական գործառնական նշանակությամբ հողերի վրա, որոնց մակերեսը կազմում է 688․77 հա:
Ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի մնացորդային հաշվեկշռային պաշարները 01.01.2022թ. դրությամբ կազմում են. հանքաքար՝ 415575160 տոննա, պղինձ՝ 832313,920 տոննա, մոլիբդեն՝ 156168,276 տոննա։ Համաձայն ՇՄԱԳ հաշվետվության` բացահանքում տարեկան արդյունահանվելու է 22 մլն. տ հանքաքար, մակաբացման աշխատանքների միջին տարեկան ծավալը կազմելու է 5 552.0 հազ. խմ: