«Դուք վտանգավոր բան եք անում». Ռուբեն Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
AnalysisԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի Հակոբավանքից տեսաուղերձով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին, նշել, թե նա չափազանց վտանգավոր բան է անում։
«Ես չգիտեմ, դուք ինչքան ժամաանակ եք մնալու ղեկավար, պարոն Փաշինյան, բայց ինչ-որ դուք անում եք, ասում եմ՝ Դուք վտանգավոր բան եք անում, Դուք ոչ թե փորձում եք պաշտպանել հայ պետությունը, ձեր իշխանությունը, այլ փորձում եք մեզ դարձնել ստրուկ և արժեք չունեցող մարդ։ Դա Ձեզ մոտ չի ստացվելու», նշել է Ռուբեն Վարդանյանն ու հավելել՝ «Մենք զգում ենք՝ այն, ինչ որ կատարվում է մեր շուրջ անընդունելի մարդկային սկզբունքներից ելնելով և ես վստահ եմ, այս ամենը երկար շարունակվել չի կարող»։
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ ամենասարսափելին այն է, որ խոսում ենք, այն մասին, թե որ քաղաքական ուժն է ճիշտ կամ սխալ, այլ խոսում ենք ամենախորքային արժեքների մասին, որոնք կարծես թե պետք է պարզ և հասկանալի լինեին։ «Երբ որ մենք թույլ ենք տալիս մեզ ասել, որ ունենք հազարավոր դասալիքներ, խոսում ենք, որ հայ կանայք երջանիկ չեն, երբ խոսում ենք, որ հնարավոր է մարդու երեսին թքել և դա նորմալ է, երբ խոսում ենք, որ եկեղեցու դեմ կարելի է այսպես քարոզարշավ սկսել, երբ կարելի է Արցախ ասել ու նշել՝ մենք ինչ կապ ունենք, մատ թափ տալ Ազգային ժողովում ու ասել՝ դուք ով եք, որ մեզ բան եք ասում, եթե կարելի էր հասկանալ, որ կարող են զոհեր լինել հազարավոր, բայց չկանգնեցնել պատերազմը, ու դա դառնում է ստանդարտ. դա ամենամեծ վտանգն է, որ մեզ սպառնում է, որովհետև մենք դավաճանում ենք, ոչ թե ինչ-որ գաղափար, այլ դավաճանում ենք մեր հայրենիքը, ամենախորքային մեր ուժին՝ ով է հայը»,- արձանագրել է Ռուբեն Վարդանյանը։
Թերևս Վարդանյանի այս խոսքերն ուղղված են ոչ այնքան վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, այլ հենց հայ ժողովրդին, հասկանալու և գիտակցելու, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Այն, որ Փաշինյանը և իր կողմնակիցները հրաշալի հասկանում էին իրենց արարքի ամբողջ վտանգավորությունը, որևէ մեկը կասկած չունի, նա գիտակցված և համակարգված գնում է արժեքների ոտնահարման ճանապարհով, այդ կերպ փորձելով երկպառակտություններ մտցնել հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ՝ «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով շարունակելով իր կառավարումը։
Արդյոք հայ ժողովուրդը թույլ կտա Նիկոլ Փաշինյանին անել դա, թե՝ ոչ։
Մայրանուշ Խաչատրյան