Տիեզերական գործունեություն իրականացնող ընկերությունը չի վճարի տարեկան պետտուրք. նախագիծ. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Տիեզերական գործունեության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում: Նշվում է, որ տիեզերական գործունեության իրականացումը մեր տնտեսության զարգացման ճյուղերից մեկն է, մինչդեռ այս ոլորտում կազմակերպությունների զարգացման համար բավարար քայլեր ձեռնարկված չեն։
Նշված ոլորտում պետք է արձանագրել պետության իրականացրած կարգավորման հետևյալ քայլերը՝ 2020 թ.-ին ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենքը, Կառավարությունը հաստատել է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման, մշակման, ստեղծման, փորձարկման կարգերը, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը, տիեզերական գործունեության լիցենզավորման կարգը և պայմանները, շահագործումից հանված՝ պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման կարգը, տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների և աղետների քննության կարգը և այլն:
Տիեզերական գործունեության լիցենզիա ստացել է միայն մեկ կազմակերպություն, իսկ ոչ առևտրային իրավաբանական անձանց համար պետտուրքի բարձր չափը խոչընդոտ է այս ոլորտում գործունեություն սկսելու համար։ Ուստի առաջարկվում է տիեզերական գործունեության իրականացման տարեկան պետտուրքի վճարումից ազատել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն համարվող այն իրավաբանական անձանց, որոնց կանոնադրությամբ նախատեսված է տիեզերական գործունեության իրականացումը։
Միևնույն ժամանակ առաջարկվում է «Տիեզերական գործունեության մասին» օրենքի 7-րդ կետի 1-ին մասի 1-ին կետում ավելացնել նոր ենթակետ, համաձայն որի՝ շահագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացված հայտարարության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, լիազոր մարմինը կտրամադրի շահագործողի կողմից տիեզերական տեխնիկայի օգտագործման հանգամանքը հավաստող փաստաթուղթ: Տիեզերական օբյեկտի արձակման, շահագործման կամ գործունեության իրականացմանն առնչվող այլ դեպքերում տիեզերական գործունեություն իրականացնող անձին երբեմն անհրաժեշտ են լինում լիցենզավորված գործունեությունից բխող որոշ փաստաթղթեր, և լիազոր մարմինը հնարավորություն չի ունենում դրանք տրամադրելու:
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում տիեզերական գործունեության ոլորտում կներգրավվեն գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող կամ նորարարական և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործունեությամբ զբաղվող փոքր ոչ առևտրային սուբյեկտներ, որոնց համար բարձր պետտուրքը խոչընդոտ էր նշված ոլորտում գործունեություն ծավալելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում