Գոյություն ունեցող և նախկինում եղած բոլոր խաղերի սկզբնաղբյուրը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես այսօր, այնպես էլ հնագույն շրջանում ամենահետաքրքիր և, միևնույն ժամանակ, սիրված ու տարածված զբաղմունքներից մեկը եղել է զառախաղը: Հետազոտությունների և հնագիտական գտածոների համաձայն, զառախաղը եղել է գոյություն ունեցող և նախկինում եղած բոլոր խաղերի սկզբնաղբյուրը: Զառերի պատմությունը սկիզբ է առել մի այնպիսի ժամանակաշրջանից, երբ մարդիկ չգիտեին աստղագիտության, աստղագուշակության և աստղային քարտեզների մասին և ցանկանում էին կանխատեսել իրենց ապագան: Դա անելու համար էլ ինչ-որ գյուտարար հորինել է զառերը, որից էլ հետագայում առաջացել են խաղային զառերը: Հին ժամանակներում նետելով զառերը՝ ըստ տվյալների համադրության մեկնաբանվել է արդյունքը:
Այն ժամանակներում որպես զառ օգտագործվել են կենդանիների ոսկորները, օրգանները և ծառերի պտուղները: Ներկայում էլ հնէաբանները պեղում և գտնում են գուշակային և խաղային այնպիսի զառեր, որոնք պատրաստված են քարերից, կորիզներից, թանկարժեք մետաղներից, ընկույզի կեղևներից, բյուրեղներից, կենդանիների ատամներից, ոսկորներից, խեժերից և այլն: Բացի այդ, դրանք բոլորն ունեն տարբեր թվով նիստեր՝ 4, 6, 20 և 24: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ամենատարածվածը վեցանկյուն զառերն են: Դա տեղի է ունեցել դրանց առավել հեշտ պատրաստելու պատճառով: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ նման զառերի դեպքում հեշտ է իրականացնել հաշվարկ: Զառերի պատմությունը սկսվել է ավելի քան 5000 տարի առաջ:
Այդ տարիքի չորս նիստով զառեր են հնէաբանները գտել շումերական Ուր քաղաքի պեղումների ժամանակ: Դրանք պատրաստված են եղել փղոսկրից: Կետերով նշագրված ստանդարտ խորանարդի ձևով զառերը հայտնվել են 4000 տարի առաջ. այդպիսի առարկաներ են հայտնաբերվել Հնդկաստանում, Չինաստանում և Եգիպտոսում իրականացված պեղումների ժամանակ: Զառախաղը բոլորն են սիրել՝ սկսած փարավոններից և կայսրերից մինչև հասարակ մարդիկ: Զառերն օգտագործվել են ապագան գուշակելու, ռազմական հակամարտությունները լուծելու, պետական մարմիններ ընտրելու և պարզապես հանգստի համար՝ որպես խաղ:
Այն պահից սկսած, երբ զառերը սկսել են օգտագործվել խաղամոլության մեջ, մարդիկ փորձել են նետելիս դրանք ենթարկել իրենց կամքին, ստանալ ցանկալի ցուցանիշ, խաբել հակառակորդներին երաշխավորված հաղթանակի համար: Եղել են այդպիսի խորամանկ արհեստավորներ, որոնք պատրաստել են զառեր ծանրության կենտրոնը ուղղած ամենամեծ ցուցանիշով նիստին: Թե՛ զառախաղի կանոնները, թե՛ բոլոր տեսակի խարդախությունները փոխանցվել են սերնդեսերունդ: Արդյունքում Եվրոպայում ստեղծվել է զառ արտադրողների հատուկ գիլդիա, որն իրականացրել է խաբեությունների դեմ պայքարի գործառույթներ, ինչպես նաև վերահսկել է, որ խաղերում օգտագործվեն միայն բարձրորակ զառեր՝ առանց որևէ խարդախության և հնարքի:
Զառերը հատկապես հայտնի են եղել Բրիտանիայում: Բրիտանացիներն այնքան են սիրել այդ զվարճանքը, որ այն գինետունը կամ պանդոկը, որտեղ զառեր չեն եղել, դարձել են այցելուների վրդովմունքի պատճառ: Զառերով խաղերը ներկայում էլ իսկական տարածված զբաղմունք են շատերի համար: Ավելին, նման շատ խաղեր կան նույնիսկ երեխաների համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում