Հունիսի 1-ը երեխաների համար տոն դարձրին TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնում
SocietyՀունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրը TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնում երեխաների օրը տոն դարձնելու համար ոչինչ չէին խնայել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Լենա Հարությունյանը նշեց, որ հունիսի 1-ը շատ կարևոր տոն է, բայց պետք է երեխաների համար տոն դարձնել ամեն օրը:
Խաղավար-աճպարարը երեխաների համար կազմակերպել էր պղպջակներով , թղթերով հետաքրքիր շոու: Երեխաները նաև ստացան հունիսմեկյան նվերներ:
Կենտրոնը գործում է 2016 թվականից, որտեղ հաճախում են շուրջ 150 և ավելի երեխաներ, որոնք ուսումնառության հետ կապված դժվարություններ ունեն:
«Մենք վերականգնողական թերապիաներ ենք իրականացնում, ունենք հատուկ մասնագետներ, ովքեր շտկողական, վերականգնողական աշխատանքներ են իրականացնում մեր կենտրոնի երեխաների հետ: Մեզ մոտ իրականացվում է հիմնականում անհատական և խմբակային թերապևտիկ աշխատանքներ: Ես ուզում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որն արդեն երրորդ տարին է մեր կողքին է և հնարավորություն է տալիս շուրջ 15 երեխաների ամեն օր մասնակցել 4 ժամյա մեր խմբակային պարապմունքներին »,-ասաց կենտրոնի տնօրենը:
TMM «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնն ընդլայնվելով նաև իրականացնում է ծրագիր աուտիզմ ունեցող դեռահասների համար:
Կենտրոնը, չունենալով պետական ֆինանսավորում, իր գործունեությունը ծավալում է տարբեր գործընկեր կազմակերպությունների աջակցության շնորհիվ: