Բաշլիկ. գլխաշո՞ր, գլխա՞րկ, թե՞ զինվորական հագուստի տարր․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Բաշլիկը գլխարկի նմանվող գլխաշոր է, որն ավարտվում է երկարավուն ծայրերով, որոնք անհրաժեշտության դեպքում կապում են շարֆի նման։ Այն կարվում է սովորական կտորից և նախատեսված է անձրևից, ցրտից, շոգից պաշտպանվելու համար։ Սովորաբար այն գցում են գլխարկի վրայից: Բաշլիկը վայնախների ազգային գլխաշորն է, որը կրել են Հյուսիսային Կովկասի բնակիչները. այն օգտագործվել է որպես ծիսական, ճանապարհային հագուստի տարր։ Չեչեններն այն անվանում են բաշլախ, որը թարգմանաբար նշանակում է «կապյուշոն», «գլխաշոր»։ Բաշլիկը լայն տարածում է գտել Օսիայում, Վրաստանում, Դաղստանում, Կաբարդինո-Բալկարիայում և այլ շրջաններում։ Այն կրել են գլխարկի վրայից, բայց օրգանապես համակցված թիկնոցի հետ, կամ ծայրերը փաթաթել են պարանոցին, կամ գցել ուսերին, կամ կապել գոտկատեղից: Այն կրել են ցանկացած սեզոնի, քանի որ պաշտպանում է քամուց, ձյունից, անձրևից։
Ավազակներն ու աբրեկները դրանով ծածկել են դեմքները։ Ցանքի ժամանակ գյուղացիները սերմեր են լցրել դրա մեջը։ Լեռներում հովիվները գառներ ու կեր են տեղափոխել դրանով։ Բաշլիկը օգտագործվում է որպես ազգային տարազի տարր։ Փեսայի բաշլիկը լինում է զարդարված։ Դա հարսի նվերի տարբերակն է ամուսնու հարազատներին, որի մեջ կարևոր է ցույց տալ արհեստավորի աշխատանքի որակը։ Նման բաշլիկների արտադրության մեջ օգտագործվել է թանկարժեք սպիտակ, սև, մոխրագույն կամ ներկված կտոր, որը զարդարվում է ոսկե թելերով, թանկարժեք հյուսով, բազմերանգ թելերով։ Վերջին տասնամյակների ընթացքում բաշլիկը գործնականում չի օգտագործվում և մնում է միայն որպես Կովկասի ժողովուրդների տարազի տարր։
Նշենք, որ բաշլիկը Կովկասյան պատերազմների սկզբին սկսել է տարածվել գրեթե ողջ տարածաշրջանում։ Այսպիսով, 1862 թվականին Դոնի կազակների շրջանում է հայտնվել բաշլիկը: 1871 թվականին զորքերի որոշ տեսակներ անգամ անցել են նման համազգեստի։ Իսկ 1892 թվականին ստեղծվել է երկու տեսակ բաշլիկ, որոնք համապատասխանել են կոչմանը։ Արդյունքում այն դարձել է ավանդական կազակական տարազի պարտադիր տարր։ Կազակները, որոնք հետևում են ավանդական ապրելակերպին, որպես տոնական և առօրյա հագուստի մի մաս՝ սկսել են բաշլիկներ կրել։
1936 թվականի ապրիլի 23-ին Կարմիր բանակի պաշտպանության ժողովրդական կոմիսարի հրամանով բաշլիկը ներկայացվել է որպես կազակական զորքերի համազգեստի անբաժանելի մաս։ Իսկ 1941 թվականին, նոր համազգեստի անցնելով, ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարի հրամանով բաշլիկը չեղարկվել է։ Նման տեսակի գլխաշորն իր բազմաթիվ օգտակար հատկությունների շնորհիվ ժամանակին գտել է ֆունկցիոնալ օգտագործման և կրելու բազմաթիվ եղանակներ Ֆրանսիայի և Գերմանիայի բանակներում: Անգամ որոշ ժամանակ այն մոդայիկ է դարձել քաղաքացիական հագուստի հետ։ Բայց 19-րդ դարի 80-ականներից հետո այն դադարել է լինել հագուստ մեծահասակների համար, բայց երկար ժամանակ է, ինչ մնում է մանկական հագուստի տարր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում