Սոցիալական աշխատողները, հոգեբանները և այլք պետք է նույնատիպ առավելություններ ստանան խնամք տրամադրող տարբեր կազմակերպություններում․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի ընդունումը նպատակ ունի խմբագրական ու բովանդակային փոփոխություններ կատարել կառավարության չորս որոշման մեջ, իսկ անհրաժեշտությունը բխում է կառավարության 2021 թ. ապրիլի 8-ի N 498-Լ որոշման 2-րդ հավելվածի 1.1 կետում նշված դրույթներից, որով նախատեսվում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող և համագործակցող, խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում տարեց և (կամ) հաշմանդամություն, այդ թվում՝ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ ունեցող շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի վերանայում։ 2022 թ. հունիսի 9-ին ՀՕ-277-Ն օրենքի ընդունմամբ փոփոխություններ կատարվեցին «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, որի կատարումն ապահովելու համար ընդունվեց վարչապետի 2022 թ. օգոստոսի 18-ի N 948-Ա որոշումը։
Ի թիվս սոցիալական տարբեր ծառայությունների, խնամքի տրամադրման համար պետք է ստեղծվեր կառավարության առանձին որոշում, որն ընդունվել է 2022 թ. նոյեմբերի 10-ին։ Այս իրավական ակտերում սահմանվում են մի շարք հասկացություններ, որոնք դուրս են մղել մինչ այդ եղածները, օրինակ՝ «ծերանոց», «ծերերի ինտերնատ» և նմանատիպ այլ եզրույթները դարձել են տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի կենտրոն, որը, ի թիվս երեխաների շուրջօրյա խնամքի կենտրոնների, համարվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, «մանկատունը», «ծերերի և հաշմանդամների տներ» եզրույթին փոխարինում են «համայնքային փոքր տները», «հաշմանդամ» բառը դուրս է եկել գործածությունից, կիրառվում է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը, արդիական չեն «բժիշկ», «բուժքույր», «սանիտար» եզրույթները՝ համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի և այլն։
Միաժամանակ գործող օրենսդրությամբ ավելացել են խնամքի նոր տեսակներ, ավելի բազմազան են դարձել մասնագետների հաստիքային միավորները, ինչը պետք է արտացոլվի նաև աշխատանքային օրենսդրությունից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերում։ Շահառուի հետ սոցիալական աշխատանք իրականացնող սոցիալական աշխատողները, սոցիալական սատարողները, հոգեբանները, աշխատանքային թերապիայի մասնագետները, խմբավարները կատարում են նույնաբովանդակ աշխատանք, ուստի պետք է ստանան նույնատիպ առավելություններ՝ լինի դա բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, համայնքային փոքր տներում, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում թե տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններում։ Երեխաների հիմնահարցերի ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավար անձնակազմը, սոցիալական աշխատանք ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձնակազմը, որը առնչվում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ, անհրաժեշտ է, որ ունենա նույն առավելությունները նաև տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն իրականացնելիս։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում