«Ես ծիծաղում և լացում եմ քեզ հետ, Հայաստա՛ն». ամերիկացի լուսանկարչի աշխատանքները պատմում են Հայաստանի ու հայերի մասին․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանի պատմության թանգարանը հունիսի 4-ին մարդաշատ էր: Բացվեց լուսանկարների ժամանակավոր ցուցահանդես, որը պատմում է հայերի, մեր կյանքի ու այն իրականության մասին, որում ապրում ենք վերջին տասնամյակներում: Մեկ կարևոր փաստ՝ մեր մասին պատմում է օտարերկրացին, որը չունի գեթ մեկ հայկական արմատ, բայց այնքան լավ է «զգում» մեր երկիրն ու մեզ, որ բառերով նկարագրելը բարդ է: Լուսանկարիչը ամերիկացի Մարտին Վինսլոուն է, լուսանկարների ցուցահանդեսը կրում է «Դեպի իմ Հայաստան» խորագիրը: Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ցուցահանդեսի բացման իր խոսքում նշեց, որ Մ. Վինսլոուի լուսանկարներն իրեն թույլ տվեցին նորովի նայել մեր պատմության վերջին տասնամյակներին, երկրի իրավիճակին ու անցուդարձին:
«Երբ առաջարկ եղավ այս լուսանկարները ցուցադրել Հայաստանի պատմության թանգարանում, միանգամից հավանություն տվեցինք առաջարկին: Մեզ համար շատ հետաքրքիր էր տեսնել և ուրիշների համար հետաքրքիր տեսանկյունից մատչելի դարձնել վերջին տասնամյակներում մեր երկրում տեղի ունեցած պատմական անցքերը: Վինսլոուն ծնվել է ԱՄՆ-ում, երկար տարիներ ապրել Եվրոպայում և 90-ականների վերջերին իր համար սկսել է բացահայտել Հայաստանը: Բացահայտումներից առաջինը համընկել է մեր երկրում ընթացող կարևոր պատմական իրադարձությունների հետ: Մեր երկիրն ու ժառանգությունը նրան մղել են նորից այցելել Հայաստան: Նա հանդիպել է տարբեր մարդկանց Հայաստանի ողջ տարածքում: Իր համար բացահայտելով Հայաստանը՝ այսօր նաև մեզ է հնարավորություն տալիս ինչոր նոր դիտանկյունից բացահայտել մեր երկիրը»,-ասաց Պողոսյանը:
140-ից ավելի լուսանկարներում կարելի է ամեն ինչ գտնել՝ զգացմունքներ, իրադարձություններ, պատմություն: Վինսլոուի լուսանկարներին նայելով՝ կզգաք նրա՝ «Ես ծիծաղում եմ և լացում եմ քեզ հետ, Հայաստա՛ն» տողերի իրական իմաստը: Մարտին Վինսլոուն ասում է՝ «հայե՛ր ջան, Հայաստան ջան, դուք գողացաք իմ սիրտը». «Այս ցուցահանդեսը նվիրվում է նրանց, ովքեր հյուրընկալեցին ինձ, բացեցին իրենց դռներն իմ առջև, ինձ ներս թողեցին իրենց ընտանիքներ, և ես դարձա բոլորի ընտանիքների անդամը: Սա ուղղակի աշխատանք չէր, այլև՝ կյանքի փորձառություն: Եվ այս ցուցահանդեսը իմ նվերն է հայերին: Հիմա Հանրապետության հրապարակում տեղակայված այս հրաշալի թանգարանում ենք, այս հրապարակն այնքան ուրախություն և տխրություն, արցունքներ և պատմական իրադարձություններ է տեսել»:
Վինսլոուի կարևոր շնորհակալություններն ուղղված էին իր հայրիկին, որը վաղուց արդեն ողջ չէ, և մայրիկին, որը 96 տարեկան է և «դեռևս ունի ոգի սիրո մասին խոսելու համար»: Իհարկե, նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք աջակցել էին ցուցահանդեսի իրականացմանը: «Շնորհակալություն նաև նրան, ով հիմա վերևից նայում է ինձ, և ասում՝ Վինսլոու, ինչո՞ւ չնշեցիր իմ անունը: Երբ Հայաստանում էի, տեր Տաճատի հետ շրջագայեցինք Հայաստանով մեկ: Հիանալի էներգիայով լի այդ մարդը ոգեշնչեց ինձ մի պարզ նախադասությամբ, որը բոլորիս համար է՝ ավելի լավ է վառել մեկ մոմ, քան անիծել խավարը»: Լուսանկարների ցուցահանդեսն այցելուների համար կգործի մինչև սեպտեմբերի 3-ը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում