Մաքրվում է Ողջի գետի հունը․ ինչու են մտահոգվել կապանցիները (ֆոտոշարք)
SocietyՍյունիքի մարզկենտրոն Կապանի միջով հոսող Ողջի գետի մաքրման աշխատանքները մտահոգել են կապանցիների մի մասին։ Ըստ նրանց՝ գետը ծանր տեխնիկա՝ տրակտոր ու բեռնատարներ մտցնելով՝ կվերանան գետում աճող ձկնատեսակները։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է նախաձեռնել գետի մաքրման աշխատանքները։ Կոմբինատի բնապահպանական բաժնի ավագ մասնագետ Արծվին Ծատրյանը փարատում է կապանցիների մտահոգությունները։
«Միայն վերին՝ բերուքային շերտն է հանվելու, որպեսզի գետում ապրող ձկներին չվնասենք։ Տրակտորը գետի խորքին չի հասնում, հանում է միայն բուսածածկը եւ տարիներով հավաքված աղբն ու այլ զանգվածը»,-ասում է նա։ Արծվին Ծատրյանի խոսքով մաքրումը իրականացվում է հատուկ տեխնիկայով ու խիստ մասնագիտական մոտեցմամբ։ Գետի հունը մաքրելու համար կա նաեւ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Ապրիլ ամսից սկսած մաքրման աշխատանքներն իրականացվում են փուլային եղանակով։ Նախատեսվում է մաքրել գետի հունի 6600 մետր տարածք։
Վերջին անգամ Ողջի գետը մաքրվել էր երեք տարի առաջ՝ նորից ԶՊՄԿ-ի միջոցով։ Կենցաղային աղբ, բերուկներ, ինչպես նաեւ գետի մեջ աճած բուսականություն․ ԶՊՄԿ-ի բնապահպանը պարզաբանում է՝ վարարումներից հողային զանգվածի մեջ բույսերի սերմեր են լինում ու ջրի սնուցումից գետն արագ աճ է տեղի ունենում եւ գետը պատվում է բուսականությամբ։
Արծվին Ծատրյանը մտահոգ քաղաքացիներին հորդորում է՝ պահպանել գետն ու այսուհետ կենցաղային աղբ չնետել Ողջի գետը։ «Կարծում եմ, սա պիտի մտահոգի բոլորիս, որպեսզի մաքուր պահենք շրջակա միջավայրը, բոլորս պիտի ուշադիր լինենք ու չաղտոտենք գետը»,-ասաց ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնի ավագ մասնագետը։