Ադրբեջանը ձգտում է ընկճվածություն և հուսահատություն տարածել Արցախում
AnalysisԱկնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ահագնացող ճնշումն Արցախում մեր ապրելու կամքը կոտրելու և մեզ հոգեբանորեն ոչնչացնելու նպատակ է հետապնդում։ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշում է, թե բնակչության շրջանում ընկճվածության, հուսահատության տարածումը հենց այն է, ինչին ձգտում է հասնել Ադրբեջանը։ «Դրա դեմ պայքարելու լավագույն միջոցը աշխատանքն է, որը փակում է հուսահատության ճամփան, խափանում հակառակորդի պլանները», - նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շարունակելու է իրականացնել իր բոլոր ծրագրերը։
Արցախի նախկին պետնախարարը ներկայացրել է արցախցի երիտասարդների համար երկու կարևոր կրթական ծրագիր։ Արցախցի 30 երիտասարդ այս տարի առաջին անգամ մասնակցելու է «CaseKey» բիզնես խնդիրների լուծման մրցույթին, իսկ նոյեմբերին կայանալիք մրցույթին արցախցի երիտասադներին նախապատրաստելու համար, Հայաստանի առաջատար մասնագետները նրանց հետ վեցամսյա առցանց դասընթաց են անցկացնում, միջազգային բիզնես քեյսերի արդյունավետ լուծումների վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու նպատակով։ «Այսօրվա իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ, այդ թվում տնտեսության մեջ, բիզնես ոլորտում։ Ես և իմ գործընկերները հավատացած ենք, որ նման ծրագրերի միջոցով կկարողանանք կամուրջ, հիմք ստեղծել նոր մարտահրավերներին դիմագրավելու համար», - նշել է Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ արդեն մեկնարկել է նաև «Մատենա» միջազգային դպրոցի՝ Արցախում իրականացվող 4-րդ ծրագրի ընդունելությունը՝ նախատեսված Արցախի հանրային և մասնավոր ոլորտներում գործող առաջնորդների համար։ Այն երիտասարդներն, որոնք ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները կարող են ծրագրում ընդգրկվելու համար դիմել մինչև հուլիսի 12-ը։ «Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել մեր կամքը, ստիպել, որ դադարեցնենք մեր ծրագրերը, մեր ժողովրդի համար երբեք հեշտ չի եղել, սա մեր պատմության հերթական ծանր փուլն է, որին պիտի դիմակայենք գործով, սառնասրտությամբ, ծրագրված աշխատանքով ու համախմբվածությամբ», -փաստել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող Ռուբեն Վարդանյանը։
Նարեկ Մարտիրոսյան