Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը
SocietyՕրերս «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ Երևանի «Միկա» մարզադահլիճում կայացել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը:
Մրցաշարին մասնակցել է 125 ըմբիշ 14 երկրից, այդ թվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղազախստանից, Բահրեյնից և այլն։ Հայաստանից մասնակցել են բոլոր անվանի ըմբիշները: Ընդհանուր հաշվարկում հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե և 1-ական արծաթե և բրոնզե մեդալ: Մրցումները նախընտրական էին Սերբիայում կայանալիք Աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:
«Պատրաստակամությամբ ենք աջակցել մրցաշարի կայացմանը՝ տրամադրելով հասանելիություն Հայաստանում ամենաարագ ինտերնետ կապին և ապահովելով բազմաթիվ երկրներից միջազգային այս մրցաշարն ուղիղ հեռարձակմամբ դիտելու հնարավորությունը», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 80 հազար ԱՄՆ դոլար էր, որը բաշխվել է 10 քաշային կարգում մրցանակային տեղ զբաղեցրած 40 ըմբիշի միջև: Դրամական պարգև են ստացել նաև չեմպիոնի մարզիչները:
«Շատ կարևոր է այս կարգի անվանի մրցաշարերի ժամանակ ունենալ ուղիղ եթեր և գերարագ ինտերնետին հասանելություն: Ի սկզբանե ինտերնետը հասանելի էինք դարձրել միայն տեխնիկական անձնակազմի համար, այնուհետև՝ մրցավարների, սակայն որակն ու արագությունն այնքան բարձր էին և անխափան, որ հասանելություն տվեցիք և՛ մարզիկներին, և՛ հյուրերին, ու ամեն ինչ հրաշալի աշխատում էր: Շնորհակալ ենք «Յուքոմ» ընկերությանը նման բարձր որակի աջակցության համար: Նորից համագործակցելու մեծ հույսեր ունենք», - նշել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: