ԱՄՆ դեսպանի հայտարարությունը բխում է Նիկոլի դավաճանական քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով
TVԱյսօր Հանրապետական կուսակցության երիտթևը բողոքի ակցիա էր իրականացրել Գլխավոր դատախազության շենքի առջև՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման դեմ, պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։
168.am-ը բողոքի ակցիայի ավարտին ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունը, թե հնարավոր է՝ արցախահայությունն անվտանգ ապրի Ադրբեջանի կազմում, որտեղի՞ց դեսպանին այդ լավատեսությունը։
Է. Շարմազանովը հարցին ի պատասխան՝ մասնավորապես ասաց.
«Դա բխում է Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականությունից, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, ԱՄՆ դեսպանը պիտի ավելի շատ հայ լինի, քան Նիկոլ Փաշինյա՞նը։ Ես չեմ արդարացնում Մինսկի խմբի համանախագահող, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրրի դեսպանի խոսքը, բայց ինչի՞ց եք զարմանում։ Եթե Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի վարչապետի պաշտոնը բռնազավթած անձը, որն իբր թե ՀՀ քաղաքացիների քվեով դարձել է վարչապետ, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, այն էլ ոչ մեկ անգամ. երեք անգամ՝ Երևանում, մի անգամ՝ Բրյուսելում, մի անգամ՝ Քիշնևում, մի անգամ՝ Մոսկվայում, մի անգամ էլ՝ Ռեյկյավիկում։ Ընդ որում, Երևանում տարբեր տեղերում՝ մի անգամ՝ Կառավարության նիստում, ասուլիսում, մի անգամ էլ, տեսավ՝ լավ չեն հասկանում, գնաց ԱԺ, մի երեք անգամ ասաց։ Հիմա, եթե Նիկոլն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, թող այդ քննադատողները թռնեն Նիկոլի դեմքին»։