Ինչպես կանայք տեր կանգնեցին տաբատ կրելու իրենց իրավունքին․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Կուլոտը ծնկի տակ ամրացվող կարճ տաբատ է, որ ժամանակին հիմնականում կրում էին միայն արիստոկրատները։ Կուլոտները հագնում էին գուլպաների և ճկվող կոշիկների հետ։ Դրանք նորաձևության մեջ են մտել Ֆրանսիայում 16-րդ դարում և փոփոխություններով գոյատևել մինչև 19-րդ դարը։ Մոտավորապես 1780 թվականին Կոմս դ'Արտուան Ֆրանսիայի ապագա թագավոր Կառլ X-ին է ներկայացրել թավշյա կուլոտները՝ որպես ձիավարության հագուստ: Չնայած ծագման ազնվականությանը, կուլոտները ժողովրդի մեջ են անցել պրուսական թագավորական բանակի զինվորի համազգեստի տեսքով, որն ամբողջությամբ կրկնում էր ազնվական կուլոտը՝ ներառում էր ծնկից ցածր կիպ տաբատ՝ կողքերին կոճակներով ամրացված:
Կուլոտը, ինչպես և կամզոլը, բանակում դեղին, սպիտակ կամ կարմիր գույներով էր: Դրանց գույնը գործում էր որպես տարբերակիչ հատկանիշ հետևակային գնդերի կողմից համազգեստ օգտագործելիս: Մինչև 18-րդ դարի վերջը կանանց տաբատի թեման իրականում գոյություն չուներ։ Բայց կային բացառություններ, օրինակ՝ հանքերում աշխատող, ոստրե հավաքող կանանց համար։ Այդ բոլոր կանայք ունեին ծանր աշխատանք, և հազիվ թե որևէ մեկը առարկեր նման հագուստի դեմ: Կանանց ավանդական հագուստը զգեստն ու կիսաշրջազգեստն էին։ Իսկ ե՞րբ է կինն սկսել տեր կանգնել տաբատ կրելու իր «իրավունքներին»:
Աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող բոլոր հեղափոխություններն իրենց հետ բերել են ոչ միայն պատերազմներ, այլ նաև հնարավորություն, որ կանայք նվաճեն իրենց իրավունքները։ Օրինակ՝ Ֆրանսիական հեղափոխությունը (1789 1799) կանանց թույլ տվեց «շահել» տղամարդկանց պանտալոններ կրելու իրավունքը։ Դեռևս 19-րդ դարում ձիավարությունը դարձավ աշխարհիկ տիկնանց հայտնի զվարճանքը, և աստիճանաբար, անվտանգության նկատառումներից ելնելով, կանայք սկսեցին օգտագործել տղամարդկանց համար նախատեսված թամբեր: Այդպես էլ սկզբում ի հայտ եկան կիսաշրջազգեստները, իսկ ավելի ուշ՝ կուլոտը՝ ձիավարության տաբատի և կիսաշրջազգեստի համադրությունը։ Հեծանվավազքը, որն ի հայտ եկավ 19-րդ դարի վերջին, մեծ տարածում գտավ հասարակության «բարձր» խավի տիկնանց շրջանում։ Այսպիսով, կիսաշրջազգեստը պետք է իր տեղը զիջեր ոմանց համար չափազանց կարճ տաբատին, և կուլոտները դարձան հեծանիվ վարելու նորմ:
20-րդ դարի սկզբին կանայք ավելի մեծ կարիք ունեին հագուստի, որը հարմար էր ակտիվ կյանքի համար։ Եթե Կոկո Շանելը առաջ մղեց տաբատ կրելու գաղափարը, ապա Էլզա Սկիապարելին անընդհատ սպորտի համար հարմար հագուստ էր ստեղծում, այդ թվում՝ կիսաշրջազգեստ-տաբատ: Նրա հետ գրեթե միաժամանակ ամերիկացի կուտյուրիե Չարլզ Ջեյմսն է կուլոտ առաջարկել։ Կուլոտներ մասսայական սկսել են կրել 60-ականներին, ապա և՝ 90-ականներին, երբ ցուցադրվեց Ջիլ Սանդերի կուլոտների հավաքածուն։ Ներկայում էլ կուլոտը տեղ ունի շատերի զգեստապահարանում: Դրանք հայտնվում են բազմաթիվ հավաքածուներում, համադրված են տարբեր բլուզների, վերնաշապիկների, բաճկոնների ու սվիտերների հետ։ Կուլոտները պատրաստվում են պարզ, թափանցիկ, մետաքսե և խիտ գործվածքներից վառ, փափուկ պաստելով և զուսպ գունապնակով։ Մետաքսե կուլոտները հարմար են ամառային սեզոնին, կտրվածքով կուլոտները լավ համադրվում են սպորտային կոշիկների և սանդալների հետ, իսկ կարճեցված կուլոտները կարելի է կրել բարձրակրունկ կոշիկներով: Կուլոտներն ավելի շատ նման են միդի կիսաշրջազգեստի, քան տաբատի, ուստի դրանք ուշագրավ տեսք են տալիս շատերին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում