Փարիզից 20.000 եվրոյի մարդասիրական օգնություն կուղարկվի Արցախ
EconomicsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չնայած Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքներին առ այն, որ Ֆրանսիան կողմնակալ դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվերակել Արցախին մարդասիրական օգնություն ուղարկելու նախաձեռնությանը, գրում է alphanews.am-ը:
Փարիզը 20.000 եվրոյի մարդասիրական օգնություն կուղարկի Արցախ՝ կես տարուց ավելի շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայերի կարիքների համար: Նախաձեռնության հեղինակը Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան է: Նա հույս է հայտնել, որ օգնությունը կկարողանան անցկացնել Լաչինի միջանցքով և այն հասցեատերերին կհասնի: Նա հիշեցրել է, որ վերջերս ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն այցելել էր Լաչինի միջանցք, ինչի համար ենթարկվել էր Ադրբեջանի իշխանության սպառնալիքներին:
Ըստ Առնո Նգաչայի՝ եթե Լուազոն հատեր Լաչինի միջանցքը, ապա ադրբեջանական զինուժը կրակ կբացեր:
Փարիզի քաղաքային խորհրդի անդամ Օրելի Պիրիլոն նախաձեռնության առիթով հայտարարել է՝ չեն կարող լռել՝ տեսնելով իրենց քթի տակ տեղի ունեցող իրադարձությունները:
«Մենք ցավում ենք, որ Ֆրանսիայի նախագահը ՄԱԿ-ի Անվտանգային խորհրդում իրավիճակը կարգավորելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս, մինչդեռ մենք՝ 170 քաղաքական գործիչներս, վերջերս Ֆիգարոյի հարթակն օգտագործել ենք և նրան ենք դիմել՝ ահազանգելով, որ Ադրբեջանը պատրաստվում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,-ասել է նա:
Փարիզի քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման մարմին է և ինքնուրույն որոշումներ է կայացնում, որոնք սակայն, իրավապահ մարմինները կարող են կասեցնել, եթե այդ որոշումները չհամապատասխանեն երկրի վարած քաղաքականությանը կամ օրենքներին, ուստի մարդասիրական օգնությունն Արցախ կուղարկվի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի միջոցով:
Հիշեցնենք, Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի (Բերձոր) միջանցքը: Պաշտոնական Բաքուն շարունակում է անտեսել Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: