Համարյա միջուկային պայթյուն. ինչպե՞ս առաջացավ բիկինին. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
1946 թվականի հուլիսի 5-ն այն օրն է, երբ աշխարհն առաջին անգամ տեսավ այն ժամանակվա չափանիշներով բավականին բաց բիկինի լողազգեստը։ Բիկինին լողազգեստ է, որը կազմված է երկու մասից՝ կիսավարտիքից և կրծկալից։ Այդ լողազգեստի ստեղծումը վերագրվում է ֆրանսիացի մոդելավորող Լուի Ռեարդին, սակայն նրա ստեղծածն ընդամենը Ժակ Էյոմի «Ատոմ» մոդելի կատարելագործումն էր, որի ցուցադրությունը մի քանի ամիս առաջ էր եղել Փարիզի պոդիումում։ Ցուցադրության համար դժվար էր գտնել մոդել, որը կհամաձայներ հանրությանը ներկայանալ նման բաց լողազգեստով, բայց, ի վերջո, խնդիրը լուծվեց. որպես մոդել հրավիրվեց պարուհի Միշելին Բերնարդինին, որը շուտով հայտնի դարձավ որպես առաջին աղջիկը, որը պոդիումում ցուցադրեց երկու մասից բաղկացած այդ լողազգեստը։
Բայց նոր լողազգեստը երկար ժամանակ չէր արմատավորվում հասարակության մեջ։ Շատ երկրներ, ինչպես, օրինակ՝ կաթոլիկ Իտալիան և Իսպանիան, խստորեն դատապարտեցին նման բաց հագուստ կրելը։ Մոտ տասներկու տարի և շատ կանանց, այդ թվում՝ հայտնի դերասանուհիներ Բրիջիթ Բարդոյի և Մերիլին Մոնրոյի ջանքերը պահանջվեցին, որ բիկինիները ընկալվեն որպես բնականոն հագուստ: Ժամանակակից աշխարհում բիկինիները կարվում են ոչ միայն լողի, այլ նաև սպորտային ու բեմական ելույթների համար։ Իսկ ինչո՞ւ է այդ լողազգեստը կոչվել «բիկինի»: Ըստ պատմության, Փարիզում լողազգեստի շնորհանդեսի ներկայացման նախօրեին ամերիկյան բանակը միջուկային փորձարկումներ էր իրականացրել Խաղաղ օվկիանոսում՝ Բիկինի կոչվող աթոլի տարածքում: Քանի որ լողազգեստի հայտնվելը ևս հասարակության մեջ իսկական պայթյուն էր առաջացրել, որոշվել է այն անվանել այդ աթոլի անունով:
Իր գոյության երկար տարիների ընթացքում բիկինին անընդհատ փոխվել է, ինչից էլ առաջացել են ինչպես կիսավարտիքների, այնպես էլ կրծկալների և, ընդհանրապես, լողազգեստի բազմաթիվ տեսակներ և կոնֆիգուրացիաներ: Դասական բիկինին ամենատարածվածն է: Դա արագ չորացող գործվածքից կարված կիսավարտիք ու կրծկալ է, ընդ որում՝ կիսավարտիքը կարող է կողքերից կապվող լինել: Բիկինիի սթրինգ տեսակը ունի սովորական կրծկալ և շատ նեղ կիսավարտիք, որը առջևից եռանկյունաձև է, իսկ հետևից թելեր են։ Կան ստրինգի բազմաթիվ կոնֆիգուրացիաներ, որոնք տարբերվում են եռանկյունու չափերով և հետևի թելերի ձևերով: Տանգան ունի սովորական կրծկալ և դիզայներ Ռուդի Գերնրեյխի նախագծած բարձր կտրվածքով կիսավարտիք: Այդ կիսավարտիքը շատ ավելի հարմարավետ է, քան սթրինգը, քանի որ այն ավելի լայն է, իսկ կտրվածքը դարձնում է ավելի երկար և բարակ:
Մանկինին տղամարդու բիկինին է: Սովորաբար այն կարվում է վառ կանաչ, դեղին, մանուշակագույն գործվածքներից։ Մոնոկինին կազմված է միայն ներքին մասից՝ կրծկալ չկա, և այն նման է սովորական կիսավարտիքի: Տանկինին դասական կրծկալի փոխարեն տանկ-տոպ բիկինի է։ Տանկ-տոպ բիկինիի վերին հատվածը նման է վերնաշապիկի և կարված է նույն գործվածքից, ինչ կիսավարտիքը։ Բուրկինին հատուկ լողազգեստ է մուսուլման կանանց համար. այն նման է գիշերանոցի, որը նաև գլխարկ ունի, բաց են մնում միայն ոտքերը, ափերը և դեմքը։ Սկայրկինին սովորական բիկինի է, որի կիսավարտիքի փոխարեն մինչև ծնկները հասնող շրջազգեստ է: Բանդոկինիի դեպքում կրծկալը, կարծես թե, վիրակապ լինի, դրա լայնությունը մինչև գոտկատեղն է: Տրիկինիի դեպքում բիկինիի վերևն ու ներքևը միացված են գործվածքի լայն շերտերով։ Այդ շերտերը բաց են թողնում մաշկի որոշ հատվածներ և ավելի շատ դեկորատիվ գործառույթ ունեն, քան գործնական: Նանոկինին մոդել է, որի մասերը հիմնականում բաղկացած են պարաններից և դրանց միացած մանր կտորներից։ Դա ամենափոքր բիկինին է։ Նանոկինին այն է, որից հետո այլևս ոչինչ չկա փոքրացնելու:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում