Մենք մշտապես Հայաստանի կողքին ենք. Ֆրանսիայի ԱԺ նախագահը` Ալեն Սիմոնյանին
International news
Գործընկերներն արձանագրել են, որ այս հանդիպումը շարունակությունն է անկեղծ բարեկամության եւ հետեւողական գործընկերային քաղաքականության: Նրանք գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական գործակցության բարձր մակարդակի առնչությամբ, որը վերաբերում է նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբերին: Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն փաստը, որ ֆրանսիացի բոլոր գործընկերների հետ հանդիպումներն անցնում են Հայաստանի մասին քաջատեղյակ մթնոլորտում:
Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շարունակական միջնորդական ջանքերը, ինչպես նաեւ խորհրդարանականների հետեւողական աջակցությունը եւ Հայաստանի հետ մշտական կապի մեջ լինելը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների սահմանման շուրջ: Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշել է, որ մշտապես Հայաստանի կողքին են եւ շարունակելու են ներդնել բոլոր ջանքերը:
ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել ջերմ խոսքերի համար` հավատացնելով, որ մեր երկրին եւ հայ ժողովրդին ցուցաբերած վերաբերմունքը շոշափելի եւ կենսական նշանակության փոփոխությունների է հանգեցնում: Նա գոհունակությամբ է խոսել Ֆրանսիայի բարեկամական մոտեցման եւ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության մասին