Արցախի շրջանները ժամեր կամ օրեր անց կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա Ստեփանակերտի հետ. ԱՀ պետնախարար
SocietyԱսկերանի եւ Մարտակերտի շատ բնակիչներ չեն կարողացել ներկայանալ ու միանալ համաժողովրդական շարժմանը, բայց մեր քույրերն ու եղբայրները այսօր եւ Մարտակերտում, եւ Մարտունիում կյանքի ճանապարհը բացելու հրապարակային պահանջներ ներկայացրել են այդ քաղաքներում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին, նրանց հրամանատարությանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում կայացած բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Այսօր ընդհանուր Արցախը չի շրջափակման մեջ, հիմա Արցախը բաժանված է շրջափակված 4 կտորների՝ Մարտակերտի շրջան, Ասկերանի շրջան, Մարտունու շրջան եւ Ստեփանակերտի եւ Շուշիի շրջան: Այն խնդիրները, որ այսօր կան, այդ շրջանները նույնիսկ մայրաքաղաքի հետ կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա ընդամենը ժամեր կամ օրեր անց»,-ասաց նա:
Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:
Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:
Հիշեցնենք, որ մինչ այս հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ էին, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջեցին Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։ Ապա երթով հասան ռուս խաղաղապահների նստավայր: