Համագործակցության հուշագիր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Քաջարանի համայնքապետարանի միջև
Society2023 թ․ հուլիսի 13-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Քաջարանի համայնքապետարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ ու «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ընդգծեցին, որ կողմերի միջև միշտ եղել են համագործակցության սերտ կապեր, և հուշագիրն ինստիտուցիոնալ մակարդակի վրա է բարձրացնում այդ հարաբերությունները։
Հուշագրով նախատեսվում է ռազմավարական համագործակցության թիրախներ մշակել տնտեսության, մշակույթի, կրթության ու սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության, ինչպես նաև քաղաքաշինական ոլորտներում։
Հուշագրի ստորագրման արարողությունից հետո «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին նշեց․ «Մեր ձեռնարկության և Քաջարան համայնքի համագործակցությունն օրինակելի կարող է լինել ցանկացած ազդակիր բնակավայրի ու ընկերության համար։ Մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ համայնքային ծրագրերին աջակցելը դիտարկում ենք ոչ թե պարտականությունների կամ սոցիալական պատասխանատվության հարթության մեջ, այլ որպես ներդրում մեր ընկերության զարգացման համար, քանի որ մեր հաջողություններն ապահովում են մեր աշխատակիցները, իսկ նրանք հիմնականում Քաջարան համայնքի բնակիչներ են։ Այսօր մենք այս համագործակցությունը բարձրացնում ենք ռազմավարական նոր մակարդակի»։
Համայնքապետ Մանվել Փարամազյանը նույնպես ողջունեց հուշագրի ստորագրման փաստն ու ընդգծեց ձեռնարկության և համայնքի միջև մշտական ու բարձր մակարդակի հարաբերությունները․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դերն ու նշանակությունն անուրանալի են Քաջարան քաղաքի արարման պատմության մեջ և համայնքի զարգացման գործում՝ քաղաքի ստեղծման օրվանից մինչև այսօր, գրեթե յոթ տասնամյակ։ Ասում ենք Քաջարան՝ հասկանում ենք կոմբինատ և՛ հակառակը։ Բայց այս հուշագիրը Քաջարանի նորագույն պատմության մեջ մի նոր էջ է բացում՝ վերաարժևորելով այդ տասնամյակները և հանքարդյունաբերական հսկայի երբեմնի հրամանատարների ու երախտավորների մեծ ավանդն ու նվիրումը»։