ՌԴ-ն հրաժարվել է «հացահատիկի գործարքի» երկարաձգումից
International newsՄոսկվան հրաժարվել է երկարաձգել «հացահատիկի գործարքը», որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլում դա պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։
«Փաստորեն, այսօր սևծովյան պայմանավորվածությունները դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան անմիջապես կվերադառնա սևծովյան համաձայնագրերի իրականացմանը, հենց իրականացվի հացահատիկի գործարքի ռուսական մասը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ լույս հուլիսի 17-ի գիշերը ժամը 03։05-ին Ղրիմի կամրջի վրա հարձակում է իրականացվել ուկրաինական երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Միջադեպի հետևանքով զոհվել է 1 տղամարդ և 1 կին, նրանց 14-ամյա դուստրը վիրավորվել է։