ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒLԻՍԻ). Առաջին թռիչքը Լա-Մանշ նեղուցի վրայով, շոգեքարշի առաջին փորձարկումը, արհեստական բեղմնավորմամբ ստեղծված առաջին մարդը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Դանիա՝ Իստեդյան ճակատամարտի օր, Իսպանիա՝ Գալիսիի օր, Թունիս՝ Հանրապետության օր, Պուերտո- Ռիկո՝ Սահմանադրության օր, Ռուսաստան՝ Հետաքննիչների օր, Հայաստան՝ Արմավիր քաղաքի օր:
ՀԱՅ - ՀԱՅԱՍՏԱՆ
373 - վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծը:
1897 - Հայ հեղափոխական դաշնակցության կողմից կազմակերպվել է Խանասորի արշավանքը: Հայ ազատամարտիկները հարձակվել են քրդական մազրիկ ցեղախմբի վրա և կոտորել նրանց, քանի որ 1896-ին քուրդ մազրիկ ցեղախումբը սուլթան Աբդուլ Համիդի հրամանով Վանի հայոց ինքնապաշտպանության ժամանակ սպանել էր հայ մարտիկների:
1919 - Հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայերը պարտություն են կրել Շախտախտում և Նորաշենում. դա Նախիջևանի հայկական կայազորին դրել է դժվար դրության մեջ, և գեներալ Շելկովնիկյանը ստիպված նահանջել է դեպի լեռնային Մարտիրոս գյուղ։
1922 - Նեմեսիս գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:
1972 - վախճանվել է հայազգի խորհրդային ծաղրածու, դերասան Լեոնիդ Ենգիբարյանը:
1975 - ծնվել է հայ քաղաքական և հասարակական գործիչ Արմեն Աշոտյանը:
1990 - ընդունվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի» հրամանը, որի հիման վրա իրականացված 160 օպերատիվզինվորական գործողություններից 156-ն իրականացվել է հայաբնակ գյուղերում և քաղաքներում:
1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մադագասկարի հետ։
1996 - վախճանվել է ազգությամբ հայ խորհրդային նշանավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը:
1998 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄԷ-ի հետ։
2006 - Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ միայնակ է մասնակցելու 2007 թվականի ԱԺ ընտրություններին:
2011 - Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին:
2013 - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը:
ԱՇԽԱՐՀ
1139 -Պորտուգալիայի գրաֆ Ալֆոնս 1-ինն իրեն հայտարարել է թագավոր, Պորտուգալիան դարձել է թագավորություն:
1261 -թագավոր Միխայիլ 8-րդ Պալեոլոգը առանց կռվի գրավել է Կոստանդնուպոլիսը և հունական իշխանություն հաստատել այնտեղ: Դադարել է գոյություն ունենալ 4-րդ խաչակրաց արշավանքից հետո ստեղծված Լատինական Կայսրությունը:
1567 - հիմնադրվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:
1587 - Ճապոնիայում արգելվել է քրիստոնեությունը, ճիզվիտներին առաջարկվել է 20 օրվա ընթացքում լքել երկիրը:
1593 - Հենրիխ Նավարացին ընդունել է կաթոլիկություն:
1814 - անգլիացի գյուտարար Ջորջ Ստիվենսոնը իրականացրել է շոգեքարշի առաջին փորձարկումը:
1843 - վախճանվել է շոտլանդացի քիմիկոս, գյուտարար Չարլզ Մակինտոշը, որը հայտնաբերել է անջրանցիկ թիկնոցը (մակինտոշ):
1874 - ծնվել է օրգանական քիմիկոս, ակադեմիկոս Սերգեյ Լեբեդևը, որը առաջինն է մշակել էթիլ սպիրտից կաուչուկ ստանալու մեթոդը:
1909 - Լուի Բլերիոն իր սեփական ձեռքերով ստեղծած ինքնաթիռով թռել է Լա-Մանշ նեղուցի վրայով:
1934 - վախճանվել է ուկրաինացի անարխիստ Նեստոր Մախնոն:
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից Վիտեբսկում ստեղծվել է գետտո:
1943 - հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ է արվել և ձերբակալվել իտալական ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսսոլինին:
1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է հյուսիս - արևմտյան Ֆրանսիայի ազատագրման «Կոբրա» օպերացիան:
1978 - Օլդեմ քաղաքում (Անգլիա) ծնվել է արհեստական բեղմնավորմամբ ստեղծված առաջին մարդը:
1980 - վախճանվել է ռուս նշանավոր երգիչ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին:
2000 - Փարիզի մերձակայքում Air France ավիաընկերության «Կոնկորդ» ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 109 անձինք:
2020- վախճանվել է անգլիացի կիթառահար, «Fleetwood Mac» խմբի ստեղծող Պիտեր Գրինը (իսկական ազգանունը՝ Գրինբաում):
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում